Սկսվում է կենսաթոշակների նշանակման գործընթացների վերակազմակերպումը. տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Ոլորտում բարեփոխումներ իրականացվելու նպատակով Կառավարության գործունեության ծրագրում ամրագրվել են կոնկրետ միջոցառումներ, այդ թվում կառուցվածքային փոփոխություններ:
Ներկայումս կենսաթոշակ, նպաստ և սոցիալական ծրագրերով նախատեսված մի շարք դրամական վճարների նշանակման և վճարման գործառույթներն իրականացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության 51 տարածքային բաժինները։ Նույն մարմինն իրականացնում է թե´ դիմումների ընդունման, խորհրդատվության տրամադրումը, թե´ բուն մասնագիտական գործառույթը՝ կենսաթոշակների նշանակման և վճարման վերաբերյալ որոշումների կայացումը։
Այս գործընթացը խնդրահարույց է մի քանի պատճառով․
- տարածքային բաժնի աշխատակիցը անձամբ սպասարկում է քաղաքացուն՝ միաժամանակ իրականացնելով որոշման կայացման գործառույթ, ինչը տարբեր հմտություններ պահանջող աշխատանք է ենթադրում, հետևաբար նաև հավելյալ ժամանակ և ռեսուրսներ է խլում.
- որոշումներ ընդունող անձնակազմի և շահառուների միջև շփումը ռիսկային է կայացվող որոշումների օբյեկտիվության տեսանկյունից.
- հնարավոր ռիսկերի առկայությունը բացասաբար է ազդում համակարգի հանդեպ քաղաքացիերի վստահության վրա: