Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է ախտահարել և թիրախավորել ոչ միայն թոքն ու թոքի բջիջները, այլև արտաթոքային բազմաթիվ օրգաններ: Այս մասին հուլիսի 6-ին կազմակերպված առցանց քննարկման ընթացքում ասաց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանը:
«COVID-19-ը կարող է ախտահարել և թիրախավորել ոչ միայն թոքն ու թոքի բջիջները, այլև արտաթոքային բազմաթիվ օրգաններ՝ սիրտը, երիկամներն, արյունատար անոթները, կենտրոնական նյարդային համակարգն ամբողջությամբ, որի մեջ մտնում է գլխուղեղը, ողնուղեղը։ Նեյրո-Covid հասկացություն ունենք, սա նշանակում է, որ կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է թափանցել ցանկացած օրգաններ և հյուսվածքներ, մասնավորապես ուղեղի հյուսվածք, ախտահարելով կենտրոնական նյարդային համակարգն ամբողջությամբ»,- ասաց Ղազինյանը:
«Գլխացավերը, գլխապտույտները, համի և հոտի բացակայություններն այն մինիմալ նևրոլոգիական մանիֆեստացիաներն են, որոնց առկայության դեպքում առաջինը մտածում ենք կորոնավիրուսի մասին, արտահայտված թուլություններն ու մկանացավերը բոլորը մտնում են նևրոլոգիական մանիֆեստացիաների մեջ, սրանք ավելի շուտ կարող են առաջանալ, քան ջերմությունը, հազը և մնացած ախտանիշները»,- նշեց Հասմիկ Ղազինյանը: