00:00:00

ԱՄՆ-ի հետ բանակցություններն անիմաստ են. Հյուսիսային Կորեա

19:03, 04 հուլիս 2020 Աշխարհ

ԱՄՆ-ն «համառորեն կառչել է ԿԺԴՀ-ի նկատմամբ թշնամական քաղաքականությունից», պատրաստ չէ ինչ-որ նոր պայմաններ առաջարկել և այս թեման օգտագործում է ներքաղաքական ճգնաժամի կարգավորման համար, այդ պատճառով Հյուսիսային Կորեան բարձր մակարդակով բանակցությունների անցկացման անհրաժեշտություն չի տեսնում, ուստի և ապշած է ապագա հնարավոր հանդիպման մասին հաղորդագրություններից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրային գործակալությանը, որն էլ մեջբերում է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Չհվե Սոն Հիի հայտարարությունը։ Ավելի վաղ միջկորեական հարաբերությունների սրացումից հետո տարբեր երկրների լրատվամիջոցներ և փորձագետներ, ինչպես նաև որոշ պաշտոնատար անձինք հայտարարել էին Հս․ Կորեայի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակով հանդիպման անհրաժեշտության և անգամ հնարավորության մասին։ Մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները նման հանդիպման կայացման հույս էր հայտնել նաև Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը։ «Չեմ կարող թաքցնել հանդիպման մասին հանրության շրջանում տարածված լուրերի վերաբերյալ ապշանքս, քանի որ այն ամբողջովին անտեսում է ներկայիս հյուսիսկորեա-ամերիկյան հարաբերությունները, այն էլ այնպիսի ծայրաստիճան զգայուն ժամանակահատվածում, ինչպիսին հիմա է, երբ աննշան սխալ դատողությունը կամ վրիպումը կարող է ճակատագրական և անվերադարձ հետևանքների հանգեցնել»,- հայտարարել է Չհվե Սոն Հին։ Ըստ հյուսիսկորեացի պաշտոնյայի՝ եթե Միացյալ Նահանգները դեռ հույս ունի որևէ բանակցությունների միջոցով սասանել երկրի դիրքորոշումը, ապա նրանք սխալ հաշվարկ են արել։ «Մենք արդեն առավել հստակ ռազմավարական ժամանակացույց ենք կազմել, որպեսզի ԱՄՆ-ի կողմից ձգձգվող սպառնալիքները հաղթահարենք: Մեր պետության քաղաքականությունը չի կարգավորվելու կամ փոփոխվելու այնպիսի արտաքին գործոններից կախված, ինչպիսին է, օրինակ, ինչ-որ մեկի ներքաղաքական օրակարգը։ Առանց երկար քննարկումների։ Կարիք չկա սեղանի շուրջ նստել ԱՄՆ-ի հետ, որը կարծում է, որ հյուսիկորեա-ամերիկյան երկխոսությունն իր ներքին քաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք է»,- ասվում է Չհվե Սոն Հիի հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր