00:00:00

Ես եւ իմ ընտանիքը Ձեր հավատարիմ ընթերցողներն ենք. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռազմիկ Դավոյանին` 80-ամյակի առթիվ

12:20, 03 հուլիս 2020

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի հետ, շնորհավորել եւ բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան 80-ամյակի առթիվ: Նախագահ Սարգսյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել անվանի մտավորականին, որտեղ մասնավորապես ասված է. «Հարգելի՛ պարոն Դավոյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ: Դուք այն երջանիկ գրողներից եք, ով կենդանության օրոք լիուլի զգացել ու վայելում է իր նկատմամբ բազմահազար ընթերցողների սերն ու գնահատանքը, ում ճանաչում եւ հաճույքով ընթերցում են նաեւ Հայաստանի սահմաններից դուրս` շնորհիվ աշխարհի տարբեր լեզուներով թարգմանված ստեղծագործությունների: Ձեր հավատարիմ ընթերցողներն ենք նաեւ ես եւ իմ ընտանիքը: Անկեղծորեն ուրախ եմ, որ Հայրենիքին մատուցած Ձեր ծառայությունները գնահատվել են նաեւ պետականորեն` ինչպես Խորհրդային տարիներին, այնպես էլ Հայաստանի անկախության ժամանակաշրջանում: Լինելով ժամանակակից հայ պոեզիայի ամենաակնառու դեմքերից եւ հայ գրականության կենդանի լեգենդներից մեկը` դուք կամրջում եք երկու դարաշրջան, կրում Ձեր մեջ ժամանակի հիշողությունները, տագնապներն ու հույսերը, հիասթափություններն ու հուսավառությունները, մաքառումները, երազանքները, երբեմն էլ` իրականության դառնությունը: Դժվար է գերագնահատել Ձեր ստեղծագործությունների ազդեցության ուժը, որ ուղղակիորեն բխում է «կենսական էներգիայի փոխանցման» Ձեր կենսափիլիսոփայությունից: Առանձին գնահատանքի է արժանի Հայաստանի անկախացումից հետո Ձեր անսահման նվիրվածությունը Հայոց բանակին. «Ներքին համոզմունք ունեմ, որ պետք եմ սահմանին կանգնած տղաներին»,- մի առիթով ասել եք Դուք, եւ ես շատ առիթներ եմ ունեցել տեսնելու Ձեզ մեր զինվորների կողքին` մտավորականի Ձեր ազնիվ ու շիտակ կեցվածքով: Կրկին շնորհավորում եմ Ձեզ նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, արեւշատություն, անսպառ եռանդ եւ ստեղծագործական նորանոր նվաճումներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր