Անցած շաբաթվանից «Գլորիա» կարի ֆաբրիկան վերսկսել է աշխատանքը, սակայն աշխատակիցների մեծ մասը չի հաճախում․ մի մասը նոր է թեստավորվել, բժշկից որևէ թուղթ, ցուցում կամ անաշխատունակության թերթիկ դեռ չի ներկայացրել։ Այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը։
«Աշխատողների 30 տոկոսն է գալիս։ Մի մասն էլ դեռ չի գալիս, քանի որ հումքին ենք սպասում, որը դեռ չկա։ Մենք պատվերով ենք աշխատում, հումքը տրամադրում են, մենք արտադրում, հետ ենք ուղարկում Եվրոպա։ Քանի որ իրենք էլ են հետևում ՀՀ-ում պարետի որոշումներին, ասացին՝ դե, որ դադարեցրել եք աշխատանքը երկու շաբաթով, մենք էլ երկու շաբաթ հումք չենք ուղարկել։ Երևի հուլիսի 1-ից կուղարկեն, չգիտեմ։ Բարդ իրավիճակ է»,- նշել է Բագրատ Դարբինյանը։
Ֆաբրիկայի տնօրենը հայտնել է նաև, որ ավտոբուսներ չեն վարձակալել, սոցիալական հեռավորություն պետք է պահեն և այլն, աշխատողներն էլ ստիպված տաքսիներով կամ երթուղայիններով են գնում գործի։