- Անընդունելի է, երբ անխտիր բոլոր հարկատուների հարկային բեռը կտրուկ ավելացնող օրենքն ընդունվում է արտակարգ դրության իրավիճակում: Պետություն-հարկատու, կամ պետություն-հասարակություն հարաբերություններում անհրաժեշտ է խստորեն պահպանել հավասար հնարավորությունների սկզբունքը: Նման փոփոխություններին անհրաժեշտաբար պետք է նախորդեին լայն հասարակական քննարկումները: Մինչդեռ, ներկայումս, օբյեկտիվ պատճառներով քաղաքացիների սահմանադրական մի շարք հիմնարար իրավունքների սահմանափակման պայմաններում, վերջիններս զրկված են փոփոխությունների նկատմամբ իրենց վերաբերմունքն ազատորեն արտահայտելու հնարավորությունից:
- Պետության գործելաոճը, իրականացվող քաղաքականությունը պետք է կանխատեսելի լինի հասարակության համար: Ուստի, պետք է բացառել հարկային բեռը բազմապատիկ ավելացնող, կամ իրավահարաբերությունները կտրուկ փոխող ցանկացած նախաձեռնություն: Հարկային հարաբերություններում անհրաժեշտ է հետևողականորեն պահպանել հարկային ռեժիմի անփոփոխելիության եռամյա պարբերաշրջանի կանոնը:
- Դատելով օրենքի ընդունման առնչությամբ իշխանության ներկայացուցիչների մեկնաբանություններից, կառավարությունը հետապնդել է գլխավորապես ֆիսկալ` բյուջետային եկամուտները ավելացնելու նպատակ: Այնինչ, անշարժ գույքի հարկատեսակը համակարգային բազմաբնույթ ազդեցություններ կարող է գործել սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, առավելևս համավարակի ներկա և դրան հաջորդող տարիների ընթացքում բերած անխուսափելի բացասական հետևանքների պայմաններում: Անշարժ գույքի հարկի փոփոխությունները պետք է կատարել համալիր փաթեթով բարեփոխումների համատեքստում` ներառելով, մասնավորապես, եկամուտների և գույքի համընդհանուր հայտարարագրման համակարգի, ժառանգության և հարստության հարկերի ներդնումը, կապիտալի շուկայի կարգավորումը և այլն: