«Քայլ դեպի տուն» ծրագիրն այս ամառ կիրականացվի առցանց: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
«Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հեռահար հանդիպում է ունեցել Նիդերլանդների հայ համայնքի հետ : Տեսակապին մասնակցում էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, համայնքի կրթական, մշակութային, մասնագիտական, լոբբիստական շրջանակների ներկայացուցիչներ: Հակիրճ ակնարկով Գլխավոր հանձնակատարը մասնակիցներին ներկայացրեց գրասենյակի աշխատանքը, համավարակով պայմանավորված փոփոխությունները, նշեց, որ անկախ դրությունից՝ այս տարի կյանքի կկոչվի Հայաստանի պետական համակարգում սփյուռքի լավագույն մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագիրը, որը կունենա մինչև 100 մասնակից:
Զարեհ Սինանյանը տեղեկացրեց, որ «Քայլ դեպի տուն» ծրագիրն այս ամառ կիրականացվի առցանց, նաև անդրադարձ կատարեց հայրենադարձության գործընթացի զարգացման ուղղությամբ տարվող քայլերին՝ խոսելով համապատասխան օրենքի ընդունման և հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման մասին: