00:00:00

Գորիսը հավակնում է դառնալ Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը․ Սուրեն Պապիկյան

16:36, 27 հունիս 2020 Տնտեսություն

Հունիսի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այս մասին  հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Այցը մեկնարկել է Արարատի մարզում, որտեղ նախարար Պապիկյանը մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է մարզի համար կենսական դեր ունեցող Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի 9,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ Նախարարը շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ զրույցում ընդգծել է աշխատանքները պատշաճ իրականացնելու կարևորությունը և համապատասխան հանձնարարականներ տվել ոլորտի պատասխանատուներին ստուգել հիմքային ծածկի որակի համապատասխանելիությանը նախագծային ստանդարտներին: Նշված հատվածում ճանապարհաշինության աշխատանքներին ներգրավվել են նաև նախկինում արտագնա աշխատանքի մեկնող շինարարներ: Կառավարություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ բարեկարգվել և ասֆալտապատվել է Խանջյան, Մյասնիկյան, Ա. Մանուկյան, Շահումյան փողոցների, Սիսիան-Իշխանասար ճանապարհատվածը։ Փողոցն ապահովված է նաև ջրահեռացման համակարգով։ Սիսիանում ընթացքի մեջ են նաև քաղաքային այգու բարեկարգման և կահավորման աշխատանքները։ Համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ այս տարի Սիսիանի համայնքապետարանը 1 մլրդ 560 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ սուբվենցիոն տարբեր նշանակության ծրագրեր է ներկայացրել՝ կարևորելով դրանց նշանակությունը համայնքային խնդիրների լուծման և համայնքային կարողությունների զարգացման գործում։ Նախարար Պապիկյանն իր գոհունակություն է հայտնել շինարարության առկա տեմպից միևնույն ժամանակ հորդորել 2020թ սուբվենցիոն ծրագրերը նախանշված ժամկետներում իրականացնելու ուղղությամբ դրսևորել խիստ հետևողականություն և պատասխանատվություն: Այնուհետև Սուրեն Պապիկյանը Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ հետևել է քաղաքի կենտրոնական մասի պատմական բնակելի տների վերանորոգման ծրագրին, պատասխանատուների հետ քննարկել ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր ։ «Հետաքրքիր ու կարևոր գործ է արվում: Համաշխարհային բանկի աջակցությամբ ներկայումս իրականցում ենք մեծածավալ աշխատանքներ, որպեսզի վերականգնվի Հին Գորիսի պատմական միջուկը: Գորիսն իր ուրույն տեղն ունի հանրապետության համայնքների մեջ և հավակնում է դառնալ Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը` գրավելով տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկներին»,-նշել է նախարարը։ Նախարարի խոսքով ծրագրի շնորհիվ բացի քաղաքի համար յուրահատուկ կոլորիտային միջավայր ապահովելուց, լուծվում են նաև մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես, կառուցվում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ, հիմնովին մաքրվում է Վարարակն գետի հունը: «Հին Գորիս» ծրագրով նախատեսված է քաղաքի կենտրոնական մասի փողոցների ու մայթերի վերակառուցում, սալիկապատում, 1918-1920 թթ․ կառուցված թվով 38 շենքերի տանիքների, պատշգամբների ու ճակատային մասերի վերանորոգում, Վարարակն գետի աջափնյա և ձախափնյա հատվածներ վերականգնում: Ծրագիրն իրականացվում է Զբոսաշրջության կոմիտեի և ՀՏԶՀ –ի կողմից՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Աշխատանքային այցի ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը Վերիշեն բնակավայրում ծանոթացել է «Վարպետաց գյուղում» արվեստների կենտրոնի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներին։ Կենտրոնը լրացուցիչ խթան կհանդիսանա բնակավայրի մշակութային ներուժի զարգացման համար։ Աշխատանքային այցի շրջանակում նախարար Պապիկյանը հետևել է նաև Մ2 միջպետական ճանապարհի Շուռնուխ (7կմ) և Դավիթ Բեկ (4,7կմ) համայնքներով անցնող հատվածների շինարարությանը, որտեղ այս փուլում ընթանում են հողային և ճանապարհի լայնեցման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր