Ազգային ժողով է ներկայացվել նախագիծ, որի համաձայն՝ հուլիսի 1-ից հետո գյուղական բնակավայրերում ծնվող երեխաների ծնողները նպաստ կստանան՝ անկախ նրանից՝ իրենք են խնամում երեխային, թե ոչ։ Այս մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց խորհրդարան։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ կարգը կգործի մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:
Այսինքն՝ եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծննդյան օրվանից հետո, ապա ծնողը խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Ընդ որում, գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, անկախ ծնողին, որպես վարձու աշխատող, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու հանգամանքից: