«Հայաստան» համահայկական հիմնադրամը 55 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարել՝ աջակցելով Լիբանանի կրթական հաստատություններին, որոնք երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամային պայմանների պատճառով հայտնվել են դժվարին կացության մեջ։ Ինչպես տեղեկացրեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, միջոցները հավաքագրվել են Ֆրանսիայի և Գերմանիայի հիմնադրամի տեղական կառույցների կողմից։
«Այժմ, երբ մեր բոլոր ճիգերն ուղղված են սատարելու Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտին, կարևոր է նաև ձեռք մեկնել Լիբանանում անելանելի դրության մեջ գտնվող մեր կրթամշակութային օջախներին, ինչպես նաև տասնյակ տարիներ գործող հայալեզու լրատվամիջոցներին։ Լիբանանում սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամն էլ ավելի ահագնացավ համավարակի տարածմամբ։ Աշխարհասփյուռ հայկական համայնքները համահայկական հիմնադրամի մշտական ուշադրության կենտրոնում են»,- նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։