00:00:00

Ֆինանսավորումն ու աջակցությունը՝ Մոսկվայից. Ում հետ են հանդիպել Վանեցյանն ու Ղազինյանը Մոսկվայում

22:35, 22 հունիս 2020 Քաղաքականություն

«Առաջին լրատվական»-ը նախօրեին գրել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ակտիվ հանդիպումների ու բանակցությունների մեջ է տարբեր անհատների ու կուսակցությունների հետ: Գրել էինք, որ վերջերս Վանեցյանը հանդիպել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի հետ: Նա վերջերս իր հարցազրույցներից մեկում չէր հերքել Վանեցյանի հետ հանդիպումը և ներքաղաքական հարցերի շուրջ քննարկումները:
Մեր տեղեկություններով՝ Արթուր Վանեցյանն ու Արթուր Ղազինյանը միասին եղել են նաև Մոսկվայում: Նույն տեղեկությունների համաձայն՝ վերջիններս Մոսկվայում ակտիվ հանդիպումներ են ունեցել հայտնի հայ միլիարդատերերի հետ, մասնավորապես՝ Սամվել Կարապետյանի, Կամո Ավագումյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի: Նշենք, որ Կամո Ավագումյանը ղարաբաղյան կլանի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է, ով ջերմ հարաբերությունների մեջ է ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների հետ, միաժամանակ նաև ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Լևոն Հայրապետյանի մահից հետո Ավագումյանը որոշիչ տեղ է զբաղեցնում Մոսկվայում ապրող ղարաբաղյան կլանի մեծահարուստների շրջանում: Վերջինս «Ավիլոն» ընկերության սեփականատերն է, որը ՌԴ-ում գերմանական «Մերսեդես բենց» մակնիշի պաշտոնական ներկայացուցիչն է: Հանդիպումների ընթացքում Ղազինյանը և Վանեցյանը ներկայացրել են իրենց պլանները, մասնավորապես, որ ցանկանում են մուտք գործել ակտիվ քաղաքականություն: Հանդիպման ժամանակ քննարկված հարցերից մեկն էլ եղել է ֆինանսավորման հետ կապված հարցերը: Քննարկվել է ռուսաստանաբնակ մեծահարուստների ֆինանսական աջակցության նպատակահարմարությունը: Մեր աղբյուրների համաձայն՝ հանդիպումը բարեհաջող է ավարտվել: Մոսկվաբնակ միլիարդատերերը տվել են իրենց համաձայնությունը ձևավորվելիք պլատֆորմի ֆինանսավորման հարցում, ինչպես նաև համաձայնել են օգտագործել իրենց ռուսաստանյան կապերը: Վանեցյանն առանց այդ էլ, լինելով ռուսական ԿԳԲ-ի ֆիլյալ հանդիսացող Հայաստանի ԱԱԾ տնօրեն, արդեն իսկ որոշակի ճանաչում, կապեր ունի ՌԴ որոշ շրջանակներում, որը, ըստ նրա, կարող է լայն հնարավորություն ընձեռել հետագայում ՀՀ քաղաքական դաշտում դերակատարություն ունենալու հարցում: Ուշագրավ է, որ Արթուր Ղազինյանը իր հարցազրույցում ասել է, որ Վանեցյանի հետ պատահաբար օդանավակայանում են հանդիպել և առիթը օգտագործել են որոշ հարցեր քննարկելու համար: Այդ հանդիպումը, սակայն, ինչպես արդեն նշեցինք, բնավ էլ պատահական չի եղել: Նրանք վերադառնալիս են եղել հենց Մոսկվայից՝ վերը նշված հանդիպումները ավարտելուց հետո: Հատկանշական է, որ Ա. Վանեցյանը վերջերս գրանցել է հիմնադրամ, որը ֆինանսավորելու է տարբեր դրամաշնորհային ծրագրեր՝ նպատակ ունենալով այդկերպ իրենց կողմը ներգրավել շահագրգիռ քաղհասարակության լայն զանգվածի, որն անտեսված է ներկայիս իշխանությունների կողմից, իսկ դրանց քանակը բավականին մեծ է: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ՌԴ-ում բնակվող հայ միլիարդատերերը չեն համակերպվում ՀՀ-ում իրենց ենթակա իշխանություն չունենալու հանգամանքի հետ և ամեն կերպ փորձում են հնարավորություն գտնել թափանցելու հայաստանյան քաղաքական դաշտ և պառակտումներ մտցնելու այդ դաշտում: Մեր տեղեկություններով՝ տրամադրվող ֆինանսավորման որոշակի մասն առաջիկայում ուղղվելու է իշխանություններից դժգոհությունների նոր օջախների բորբոքմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր