Նման քննարկումներ ձեր նշած կուսակցության հետ չեն եղել։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է տարբեր կուսակցությունների հետ համախմբվելու գործընթացին միանա նաեւ ՀՀԿ–ն։
«Ես չեմ սիրում քաղաքականության մեջ «Կիկոսի մահը»,– ասաց նա։
Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ ԲՀԿ–ականների եւ նրանց հարազատների տներում կատարված խուզարկություններին. «Մեր պատգամավորների, մեր տարածքային բոլոր պատասխանատուների, պատասխանատուների մորքուրների, հորքուրի գանձերի, քեռու հարսների, բաջանաղների բոլորի տներում խուզարկություն իրականացվել է, առգրավել են՝ համակարգիչ, հեռախոսներ, երեխաների հեռախոսները, որոնցով նրանք հեռավար իրենց դասերն են անում. հույս ունեմ այս խառնակ ժամանակները կանցնեն։ Բոլորիդ մաղթում եմ արեւային, ամառային տրամադրություն, ամե ինչ լավ է լինելու։ Ես դատարանից 1 ակնկալիք ունեմ, որ դատարանը քաղաքական պատվեր չկատարի եւ վճիռ կայացնող դատավորը հավատարիմ մնա ՀՀ Քրեական օրենսգրքին, արդարադատությանը, ոչ թե կատարի քաղաքական պատվեր»։
Լրագրողները հետարքրվեցին նաեւ իր գրասենյակում կատարված խուզարկությունից. «ԲՀԿ կենտորանական գրասենյակում, որտեղ վերջին անգամ եղել եմ երեւի 3 կամ 4 տարի առաջ խուզարկություն է իրականացվել, իրենց ասելով, ինչ որ թղթեր են ման եկել, որպեսզի ինչ որ կապ գտնեն Նաիրա Զոհրաբյանի եւ… Լսեք նաիրա Զոհրաբյան եւ ընտրական կեղծիք, հասկանո՞ւմ ե ք. դա եթե 21–րդ դարի աբսուրդների բառարան կամ հանրագիտարան հրատարակվի՝ «Նաիրա Զոհրաբյան–ըտրական կեղծիք». էլ ուրիշ բան չեմ ուզում ասել»։
Լուսանկարը՝ Photoluri