ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու եւ կալանավորելու որոշմանը կողմ քվեարկածների շարքում է եղել նաեւ «իմ քայլական» պատգամավոր Կարեն Համբարձումյանը։
Վերջինս երկար տարիներ հանդիսացել է ԲՀԿ-ի Սյունիքի երիտթևի ղեկավար։ Իշխանական պատգամավորի հայրը՝ Հովհաննես Համբարձումյանը եղել է ԲՀԿ-ի Սիսիանի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ։ Համբարձումյանի աները՝ Աղասի Հակոբջանյանը երկու անգամ ԲՀԿ-ից ընտրվել է Սիսիանի քաղաքապետ։
ԲՀԿ-ի հետ սերտ առնչություն ունելա Համբարձումյանի կապերն այսքանով չեն ավարտվում։
Նա 2017-թվականին հոր և աներոջ աջակցությամբ փորձել էր դառնալ Սիսիանի համայնքապետ, սակայն ընտրություններից մի քանի առաջ, տեսնելով, որ չնայած հսկայական աջակցությանը չունի անձնական վարկանիշ, հանում է իր թեկնածությունը։ Դա սակայն չի խանգարում հեղափոխությունից հետո իրեն նշանակել Սյունիքի մարզպետ՝ իհարկե ԲՀԿ-ի կվոտայով։ Սակայն 2018-ի հոկտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվում է մարզպետի պաշտոնից։
Հետո բավականին սկզբունքային քաղաքական գործիչը հարմար տեղավորվում է իշխանական թիմում, և 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ուշագրավ է, որ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում իշխանական պատգամավորի կուսակցական անցյալի մասին որեւէ տեղեկություն չկա։ Համբարձումյան Կարենը «ջնջել» է իր կյանքի տասը տարիները։
Ազգային Ժողովի պաշտոնական կայքում նրա կենսագրական տվյալներում միայն նշված է, որ 2004թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկայի ֆակուլտետը: 2010թ. ՀՊՃՀ էներգետիկայի ֆակուլտետի ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում բաժնի մագիստրատուրան: Էներգետիկ-տնտեսագետ:
2012-2014թթ. եղել է «ՀՈՎԹԵՐ» ՍՊԸ տնօրեն: 2014-2015թթ.՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ մատակարարման բաժնի առաջատար ճարտարագետ, 2015-2016թթ.՝ արտադրատեխնիկական բաժնի առաջատար ճարտարագետ, 2016-2018թթ.՝ վարկային ծրագրերի իրականացման բաժնի պետ: 2018թ. մարտ-2018թ. հունիս՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծ եւ համապատասխան ենթակայան» ծրագրի համակարգող-պատասխանատու: 2018թ. հունիս- 2018թ. հոկտեմբեր՝ ՀՀ Սյունիքի մարզպետ:
Համբարձումյան Կարենը դասական օրինակն է այն բանի, որ քաղաքականությունում սկզբունքներ չկան, որ կան շահեր եւ հետեւաբար վերջինս էլ առաջնորդվել է զուտ սեփական շահերով։
Մեր նախորդ հրապարակումներից մեկում ներկայացրել էինք ԲՀԿ-ի հետ կապեր ունեցող, բայց հետագայում ԲՀԿ-ից հեռացած ու սեփական անցյալը մոռացած մի շարք այլ իշխանական պատգամավորների։
Շարունակելի․․․
Irakanum.am