Իմ կյանքում երեք այսպիսի դրվագ է եղել. առաջինը եղել է 1996-ի սեպտեմբերին, երկրորդը՝ 2015-ի հայտնի փետրվարյան դեպքերն են, եւ հիմա երրորդ դրվագն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, 1996-ի սեպտեմբերի դեպքերից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998-ին հրաժարական տվեց. «2015-ի փետրվարի դեպքերից հետո 2018-ին նախորդ իշխանությունը հրաժարական տվեց: Հիմա տեսնենք՝ ինչ է կատարվելու: Պետք է գնա քաղաքական պայքար: Երբ որ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով հրաժարական տա, նույն օրը երեկոյան փոխանակ քաղաքական պայքարի կանոններով գնա պոլեմիկան, անցանք հաշվեհարդարների եւ շանտաժների դաշտ: Այսինքն կարեւոր չի՝ ինչ է ասվում, ասում են՝ դուք դավաճաններ եք, հիմա պատերազմական վիճակ է, դուք սա եք անում, նա եք անում: Այսինքն եթե պատերազմական իրավիճակում սթափ գնահատական է տրվում, որ պարտությունը պարտության հետեւից գնում է, ի՞նչ պետք է անենք: Այսինքն չգա՞նք ասենք՝ եղբայր, էս ինչ է կատարվում»,-ասաց Միքայել մելքումյանը:
Նա ընդգծեց, որ այն, ինչ իրավական առումով կարվում է, իշխանությունը տանում է քաղաքական ոչնչացման ճանապարհ. «Այսինքն երբ ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարը անազատության մեջ կլինի, արդեն պրոբլեմ եք ստեղծում: Այսինքն դուք քաղաքական պայքարի չեք գնում»,-ասաց Մելքումյանը: