Եթե հին Հայաստանում գուցե նման դրսեւորումները կարող էին դիտվել օրինաչափ, ապա նոր Հայաստանում, գոնե մինչեւ վերջերս, կար հույսի նվազագույն նշույլ, որ նմանատիպ դեպքերը հնարավոր չեն. ստացվում է նոր Հայաստան՝ հին բարքեր։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ի իր ելույթում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Պարոն Արթուր Դավթյան, դուք պարզապես այսօր նոր Հայաստանում հին Հայաստանի ամենավատ ավանդույթների կրողն եք եւ դուք իրավունք չունեք աշխատել որպես գլխավոր դատախազ եւ դուք չեք աշխատելու. մենք դրա համար ամեն ինչ անելու ենք։
Ի՞նչ եք դուք ուզում, ինչ եք դուք անում։ Հասկանո՞ւմ եք, որ հիմա երբ երկիր կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, երբ ընդամենը մի քանի ամիս անց հնարավոր է, որ տնտեսական խնդիրների պատճառով մեր ազգաբնակչությունը հայտնվի սովի ճիրաններում, դուք փառասիրությունը եւ քաղաքական ամբիցիաները բավարարելու եւ հագուրդ տալու համար սանձազերծում եք քաղաքական հետապնդում։
Ուզում եք մեզ լռեցնե՞լ. չի ստացվելու, ուզում եք մեզ ասֆալտին փռել ու պատերին ծեփե՞լ. չի ստացվելու, որովհետեւ իշխանությունների ամենաուղղակի հրահանգով ոստիկաններն օրեր առաջ պատգամավորների եւ հարյուրավոր հայրենակիցների նկատմամբ արդեն իրականացրել են դա։ Ձեզնից որեւէ մեկը ծպտուն չի հանել, որովհետեւ ծպտուն հանելու հրահանգ էլ չի ստացել, որովհետեւ շատ տաքուկ տեղավորվել է իշխանության կերակրատաշտակի մերձակայքում»,- ասաց պատգամավորը։
Տոնոյանը շեշտեց, որ Ծառուկյանին ազատությունից զրկելով՝ տասնյակ հազարավոր մարդկիկ գործազուրկ են լինելու.
«Ձեզանից որեւէ մեկը մտածե՞լ է, որ Ծառուկյանին ազատությունից զրկելով հնարավորություն է ընդձեռում զրկել հանապազօրյա աշխատանքից տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր աշխատում են Ծառուկյանի հիմնադրած ընկերություններում։ Գործ սարքելուց գոնե մի քիչ պետք է շնորհքով դա անի, անգամ այս գործում եք անտաղանդ»։
ԲՀԿ պատգամավորն անդրադարձավ նաեւ ապօրինի ծխախոտի մաքսանենգության, ադամանդի արտահանման, երկաթի թափոնների արտահանման լուրերին.
«Արթուր Դավթյան, եթե դուք շարունակեք պաշտոնավարել այն բանից հետո, երբ մենք ձեզ անվստահություն կհայտնենք, ե՞րբ եք պատրաստվում գալ խորհրդարան՝ ապօրինի ծխախոտի մաքսանենգության գործով, ադամանդի արտահանման գործով, երկաթի թափոնների արտահանման գործով քրեական գործերով հարուցված պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով»։