Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Օ-դե-Ֆրանս շրջանում վանդալները ներկ են լցրել Ֆրանսիայում Հինգերորդ հանրապետության հիմնադիր եւ առաջին նախագահ գեներալ Շառլ դե Գոլի կիսանդրու վրա, հայտնել է այդ շրջանի նախագահ Քսավյե Բերտրանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հունիսի 18-ի ելույթի տարեդարձից մի քանի օր առաջ (1940-ին այդ օրը դե Գոլի ունեցած ելույթը, որը խթան հաղորդեց Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Դիմադրության շարժմանը), երբ մենք պետք է հիշենք, որ գեներալ դե Գոլը բոցավառեց դիմադրության բոցը, այս հուշարձանի պղծումն Օտմոնտում զարհուրելի է: Սա լուրջ պատիժ է պահանջում»,- գրել է Բերտրանը Twitter-ում:
Նա իր հրապարակմանը կցել է դեղին ներկով պատված կիսանդրու եւ պատվանդանի լուսանկարը, որի վրա գրված է «Ստրկության աջակիցը»:
Աշխարհի տարբեր երկրներում վերջին շաբաթների ընթացքում մի շարք արձաններ հանվել են իշխանությունների որոշմամբ կամ ինքնաբուխ քանդվել են՝ ոստիկանների ձեռքից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո բռնկված զանգվածային բողոքների ֆոնին: Վնասված արձանների թվում են ԱՄՆ քաղաքացիական պատերազմի ժամանակ ստրկատիրական Հարավի զինվորների եւ գեներալների հուշարձանները, ինչպես նաեւ Քրիստոփոր Կոլումբոսի արձանները, որին ձախակողմյան ակտիվիստները մեղադրում են բնիկ ամերիկացի բնակչության ցեղասպանության մեջ: