Պետք է խնդրեմ, որ պատասխանը չլինի՝ դրանք գործողությունների շարք են, որ հետագայում կարվեն, բոլորս գիտենք, որ ոչինչ ձեզ չիէր խանգարում տվյալ գործողություններն անելուց հետո նույն միջնորդագրով գայիք ԱԺ։
Պարոն դատախազ, դիտավորյա՞լ չեք հարցաքննել Սեդրակ Առուստամյանին։ Այս մասին այսօր՝ հունիսի 16–ին, ԱԺ–ում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նոնա Առուստամյանը։
«Ձեր ներկայացրած միջնորդագրում ասվում է, որ Պողոսյանը գումար է ստացել Առուստամյանից եւ Մանուկյանից, բայց իմ տիրապետած տեղեկություններով, որն ավելի ստույգ է քան դահլիճում գտնվող բազմաթիվ մարդկանց տեղեկությունների, քանի որ Սեդրակ Առուստամյանը հայրս է եւ նա մինչ այժմ չի հարցաքննվել տվյալ քրեական գործով, ինչը հիմք է ինձ համար կարծելու, որ հարցաքննման արդյունքում միգուցե ձեր կողմից բերված քրեական գործի միջնորդությունը անհիմն կլիներ, անգամ պետք է արվեր առերես հարցաքննություն հորս եւ Պողոսյանի միջեւ ինչը եւս չի արվել։ Պետք է խնդրեմ, որ պատասխանը չլինի՝ դրանք գործողությունների շարք են, որ հետագայում կարվեն, բոլորս գիտենք, որ ոչինչ ձեզ չիէր խանգարում տվյալ գործողություններն անելուց հետո նույն միջնորդագրով գայիք Ազգային ժողով»,– ասաց պատգամավորը։
Հարցին, թե դիտավորյա՞լ չեք հարցաքննել Սեդրակ Առուստամյանին, գլխավոր դատախազը պատասխանեց կարճ. «Ոչ։ Ասացիք ուրիշ ձեւ չպատասխանեմ, ասեմ այո կամ ոչ, ես էլ ասացի ոչ»։
Դավթյանի խոսքով՝ քննիչն է որոշում, թե որ պահին որ գործողությունն իրականացնի. «Դա հստակ օրենքով գրված է եւ դա նախաքննության արդյունավետության ապահովման թիվ մեկ չափանիշն է, եթե քննիչը ռոբոռի նման տեխնիկական գործողություններ կատարի, մենք չենք ունենա ոչ մի հանցագործության բացահայտում, իսկ ձեր ասած գործողությունը պարտադիր կատարվելու է, թե քննության ո՞ր փուլում կկատարվի դա արդեն ցույց կտա կրիմինալիստիկայի 100–ամյա պատմություն ունեցող դասագրքերում գրվող քննության տակտիկան»։
Դատախազին արձագանքեց պատգամավորը, ասելով, որ իր համար պարզ էր, որ պատասխանը դա էր լինելու. «Էլի եմ պնդում, ձեզ ոչինչ չէր խանգարում դա անել հետո միջնորդագիրը բերել։ Շատ լավ հասկանում ենք, որ այդ դեպքում պարզապես շինծու գործ կլիներ։ Պարոն դատախազ, պնդում եմ, որ այս քրեական գործի միջնորդությունը դուրս է եկել իրավական տիրույթից այն պահից, երբ հայրս՝ Սեդրակ Առուստամյանը, չի հարցաքննվել տվյալ քրեական գործով եւ դուք այս քրեական գործը հանել եք իրավական տիրույթից եւ ձեր իսկ թեթեւ ջեռքով բերել եք քաղաքական ասպարեզ, ինչն անընդունելի է»։
Արթուր Դավթյանը եւս մեկ անգամ կրկնեց, որ Սեդրակ Առուստամյանն անպայման քննվելու է այս քրեական գործով, եւ այդ ցուցմունքները լինելու են հերթական, շարքային ապացույցներից մեկը, որն այլ ապացույցների համակցության մեջ պետք է գնահատվի. «Տարբերակ 1, Սեդրակ Առուստամյանը կարող է հաստատել այս տեղեկությունները, տարբերակ 2, կարող է բացառել։ Եթե նույնիսկ Սեդրակ Առուստամյանը հարցաքննվեր այս պահին եւ այս տեղեկությունները չընդուներ, ես այս ապացույցները բավարար էի համարելու, այս միջնորդության համար դիմելու»։