«Փաստ» թերթը գրում է. «Եթե նախկինում ոստիկանական և ԱԻՆ շրջիկ մեքենաներից կորոնավիրուսի դեմ պայքարի համար դիմակ կրելու, ձեռքերն ախտահանելու և սոցիալական հեռավորություն պահելու մասին հայտնի հայտարարությունը հնչում էր ենթադրաբար ԱԻՆ աշխատակցի ձայնով, ապա շաբաթ օրը առավոտ կանուխ արդեն «խոսում էր» Նիկոլ Փաշինյանը։
Փաստացի, որոշվել էր ԱԺ նիստում վեցանգամյա փորձերից ավելի լավ ստացվածով զգաստացնել մարդկանց: Սակայն այդ նորամուծությունը, ինչպես ասում են, «թիթեռի կյանք» ունեցավ: Կիրակի շրջիկ մեքենաներից նորից հնչում էր «հին, բարի» ձայնը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, դրա պատճառն այն է, որ Փաշինյանի ձայնով հայտարարությունը լուրջ դժգոհությունների տեղիք է տվել հանրության շրջանում: Ավելին, որոշ դեպքերում քաղաքացիներ են մոտեցել այդ մեքենաներին և խնդրել «էդ ձայնն անջատել», որովհետև ազդում է մարդկանց նյարդերի վրա: