Կորոնավիրուսի համավարակից ամենաշատը տուժած իտալական Լոմբարդիա շրջանի ղեկավարությունը հայտնել է, որ թեսթավորվածների քառորդ մասի մոտ կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերվել: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Il Messaggero թերթը:
Նրա տվյալներով՝ ընդհանուր առմամբ, անցկացվել է ավելի քան 250 000 այդպիսի թեսթ: Ավելի քան 161 000 մարդու շրջանում հակամարմիններ է հայտնաբերվել 25,6%-ի մոտ: 102 000 բուժաշխատողների շրջանում այս ցուցանիշը կազմել է 12,6%: Լոմբարդիային, որը համարվում է նոր կորոնավիրուսից առաջացած համաճարակի լոկալ բռնկման կենտրոն, բաժին է ընկնում երկրում ավելի քան 236 000 վարակվածների երրորդ մասը եւ 34 000 մահվան դեպքերի կեսը։ Շրջանում դեռեւս պահպանվում է վարակի ամենօրյա տարածման ամենաբարձր մակարդակը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Լոմբարդիայում՝ Իտալիայի ամենախիտ, 10 միլիոն բնակչությամբ շրջանում է գտնվում Բերգամո քաղաքը, որտեղ որոշակի հատվածներում 9 000 բնակիչների սերոլոգիական անալիզը ցույց է տվել, որ նրանց 57%-ը հակամարմիններ ունի: Ինչպես շաբաթ օրը Բերգամոյի քաղաքապետ La Stampa թերթում հրապարակված հարցազրույցում ասել է Բերգամոյի քաղաքապետ Ջորջո Գորին, բնակչության 35 -45%-ը հիվանդացել է կորոնավիրուսով: