Apple-ի հանգուցյալ գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսի նախկին խորհրդական Ջաննա Հոֆմանը քննադատել է Facebook-ին այն բանի համար, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում հասարակության վրա սոցիալական ցանցի որոշ վնասակար հետեւանքների համար, փոխանցում է CNBC-ն:
«Երբ ես նայում եմ Facebook-ին, մտածում եմ՝ արդյոք նրանք իսկապես այդքան տգետ են, թե՞ դա կապված է ավելի մութ դրդապատճառների հետ, քան թվում է»,- հարցադրում է կատարել Հոֆմանը:
Նշելով, որ նա «մեծ հարգանք ունի» նրա նկատմամբ, ինչին հասել է Facebook-ը՝ Հոֆմանը ենթադրել է, որ սոցիալական ցանցերի հսկայի որոշ ասպեկտներ «ոչնչացնում են ժողովրդավարության հյուսվածքը, մարդկային հարաբերությունների հյուսվածքը եւ զայրույթ կոչվող թմրանյութի վաճառքով են զբաղվում»:
«Գիտեք, դա ծխախոտի պես է, այն ոչնչով չի տարբերվում օփիոիդներից,- հավելեց նա:- Մենք գիտենք, որ զայրույթը կախվածություն է առաջացնում, մենք գիտենք, որ կարող ենք մարդկանց ներգրավել մեր հարթակ եւ ուշադրություն հրավիրել մեզ վրա: Եվ ուրեմն՝ մենք պետք է դաս քաղենք դրանից ամեն անգամ»:
Հոֆմանը նաեւ ասաց, որ «լիդերությունը չափազանց կարեւոր է», որ «մարդիկ հսկայական նշանակություն ունեն» ընկերության համար: Այնուամենայնիվ, հավելել է նա, մենք պետք է ընդունենք, որ առաջնորդները մարդիկ են, ուստի նրանք թերություններ կունենան: «Հարցն այն է, թե որքանո՞վ են նրանք խոցելի, տգետ եւ նենգ»: Ըստ նրա՝ այսօր բազմաթիվ առաջնորդներ կան, որոնք «փայլուն էին իրենց տարիքում հասածի համար», նրանք «չեն հասկանում, թե ինչ են ցանում աշխարհում»:
Ջոբսի հետ աշխատելու ընթացքում Հոֆմանն այն քչերից էր, ով կարողացավ մարտահրավեր նետել Apple-ի համահիմնադրին: Հոֆմանի կերպարը Քեյթ Ուինսլեթի մարմնավորմամբ 2015-ին «Սթիվ Ջոբս» ֆիլմում ամրապնդեց նրա՝ որպես «Ջոբսի աջ ձեռքի» մասին պատկերացումները:
Այժմ նա աշխատում է իսպանական Sherpa արհեստական ինտելեկտի գործակալությունում: