00:00:00

Դանիան բացել է սահմանները համավարակի պատճառով բաժանված զույգերի համար

21:34, 27 մայիս 2020 Աշխարհ

Դանիայի իշխանությունները թուլացրել են վերահսկողությունը սկանդինավյան այլ երկրների եւ Գերմանիայի հետ սահմաններին, որպեսզի հակառակ կողմերում ապրող եւ կորոնավիրուսի համավարակի պատճառով բաժանված սիրահարները կարողանան կրկին հանդիպել: Ճիշտ է, նրանք նախ պետք է ապացուցեն, որ հարաբերությունների մեջ են եղել առնվազն վեց ամիս: Ապացույց կարող են լինել համատեղ լուսանկարները կամ նամակագրությունը, փոխանցում է ՌԳ-ն: «Նրանք կարող են լուսանկար կամ սիրային նամակ բերել»,- DR ալիքով հայտարարել է փոխոստիկանապետ Ալան Դալագեր Կլաուզենը: «Ես հասկանում եմ, որ դրանք շատ ինտիմ բաներ են, բայց անձին ներս թողնելու կամ չթողնելու մասին որոշումը կայացնում է ոստիկանության աշխաակիցը»,- հավելել է նա: Սա արդեն վրդովմունք է առաջացրել պատգամավորների շրջանում: Նրանք կարծում են, որ սահմանված պահանջը ներխուժում է անձնական կյանք: «Ես երբեւէ չեմ լսել մի երկրի մասին, որտեղ մուտքը զույգի ինտիմ տեքստեր կամ լուսանկարներ ներկայացնել է պահանջում: Մենք սիրահարներին թույլ ենք տվել մուտք գործել երկիր, սակայն չենք չեղարկել անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը»,- հայտարարել է Սոցիալ-լիբերալ կուսակցության ներկայացուցիչ Քրիստիան Հեգաարդը: Սակայն մի քանի օրից ամեն ինչ կարող է փոխվել: Ինչպես հայտարարել է Դանիայի արդարադատության նախարար Նիկ Հեքքերուպը, ապագայում սահմանը հատելու թույլտվություն ստանալու համար պարզապես անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել: Երկրի իշխանությունները պատրաստ են հավատալ խոսքերին: Կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու համար Դանիան մարտի 14-ին փակել էր իր սահմանները ոչ իր քաղաքացիների համար: Սակայն սիրահարները ելք էին գտել նույնիսկ այս իրավիճակից: Անցած երկու ամսվա ընթացքում իրավապահները բազմիցս նշել էին, թե ինչպես տարեց զույգը եկել է Դանիայի եւ Գերմանիայի սահմանային անցակետ՝ միասին սուրճ խմելու կամ ձեռքերը բռնելու  համար, ընդ որում՝ մնալով շարժական ձողի հակառակ կողմերում: Մոտ ժամանակներս Կոպենհագենը մտադիր է թույլատրել երկիր մուտք գործել  նաեւ այդ երկրում գտնվող գույքի տերերին, ինչպես նաեւ Դանիայի քաղաքացի տատիկ-պապիկներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր