Իսպանիայի իշխանությունները ցանկանում են, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին Եվրամիությունում սահմանների վերաբացման հարցում միասնական դիրքորոշում ունենան, հատնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Իսպանիայի արտգործնախարար Արանչա Գոնսալես Լայայի հայտարարությանը։
«Մեզ մոտ (Եվրամիության երկրներում) սահմանափակումների չեղարկման տարբեր ամսաթվեր են, սակայն միանման մոտեցում ենք ցանկանում։ Ցանկանում ենք վստահ լինել, որ մարդկանց մուտքը մեր տարածք միայն ապահով երկրներից ենք թույլատրում»,- հայտարարել է Գոնսալեսը։
«Չենք ցանկանում, որ մեզնից ամեն մեկն իր հերթին սահմանի, թե ինչ է անվտանգ երկիր հասկացությունը։ Ցանկանում ենք վստահ լինել, որ կա եվրոպական սահմանում, որը նկարագրում է, թե որն է անվտանգ երկիրը։ Կնախընտրեինք ընդհանուր եվրոպական մեխանիզմ ունենալ, որը կհստակեցներ, թե ինչ սկզբունքով սահմաններին վերահսկողություն իրականացնել»,- նկատել է նախարարը։
Հիշեցնենք, որ Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով խիստ կարանտինային ռեժիմ է սահմանվել մարտի 14-ից։ Այստեղ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 282 480 դեպք, մահացել է 26 837, ապաքինվել՝ 196 958 մարդ։