00:00:00

Ղազախստանի նախագահն առաջարկել է հետաձգել եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների հաստատումը

18:47, 19 մայիս 2020 Աշխարհ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն առաջարկել է հետաձգել մինչեւ 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների հաստատումը: Նա այս մասին հայտարարել է այսօր տեսակոնֆերանսի ձեւաչափով ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն: Ղազախ առաջնորդի խոսքով՝ անհրաժեշտ է մի շարք հարցեր լրացուցիչ քննարկել եւ փաստաթուղթ ընդունել արդեն առերես հանդիպման ժամանակ, որը վաղ թե ուշ կայանալու է: «Ընդհանուր առմամբ, աջակցելով դրա ընդունման գաղափարը, այդուհանդերձ, կարծում եմ, որ կան մի քանի հարցեր, որոնք լրացուցիչ քննարկման եւ մշակման կարիք ունեն: Հաշվի առնելով այս փաստաթղթի հատուկ կարեւորությունը, որը տարիներ առաջ տալիս է ինտեգրացիայի հիմնական ուրվագծերը, նպատակահարմար է թվում այն լրացուցիչ քննարկել եւ ընդունել առերես հանդիպման ժամանակ: Չէ՞ որ մենք վաղ թե ուշ հանդիպելու ենք միմյանց»,- ասել է Ղազախստանի նախագահը: Նրա կարծիքով՝ չափազանց կարեւոր է ավարտել հզոր հիմքի կառուցումը՝ առաջ շարժվելու համար, այսինքն՝ գործնականում ապահովել ապրանքների տեղաշարժն առանց խոչընդոտների եւ սահմանափակումների, կառուցել ծառայությունների ընդհանուր շուկա, պատրաստվել ընդհանուր էներգետիկ եւ ֆինանսական շուկաներին: Խոսելով սոցիալ-հումանիտար հատվածի մասին՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կարծիք է հայտնել, որ այս հարցերի քննարկումը հնգակողմ ձեւաչափով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներգրավմամբ կարող է դժվարեցնել դրանց գործնական իրականացումը: «ԵՏՀ իրավազորության ոլորտում այնպիսի հարցերի ամբողջ ծավալով ներառումը, ինչպես առողջապահությունը, կրթությունը, գիտությունը, կարող է զգալիորեն փոխել նրա տնտեսական ուղղվածությունը: Այլ կերպ ասած՝ կհակասի ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագրի էությանը: Կարծում եմ, որ այս ուղղություններով անհրաժեշտ է առաջ ընթանալ այն սահմաններում, ինչն ամրագրված է ռազմավարական ուղղությունների նախագծում: Այսինքն՝ դրանք քննարկել որպես տնտեսության ոլորտ՝ առանց արհեստական ընդլայնման եւ հետագայում խորացման»,- նշել է Ղազախստանի նախագահը: Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից յուրաքանչյուրին հատկացվող ֆինանսավորման ծավալը չպետք է հիմնված լինի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաստիքների ձեւավորման չափանիշների վրա: Ղազախստանի առաջնորդը լավագույն չի համարում յուրաքանչյուր երկրից ԵՏՀ հաստիքացուցակի աշխատակիցների թվի քվոտավորման համակարգը: Նրա խոսքով՝ ԵՏՄ քաղաքացիներին պետք է տրամադրվի հավասար հասանելիություն հանձնաժողովի աշխատանքին՝ առաջին հերթին ելնելով մասնագիտական բանիմացությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր