Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի սկզբում նշել է, որ ԵԱՏՄ ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցը մնում է չլուծված, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
«ԵԱՏՄ ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցը մնում է չլուծված: Մենք արդեն մի քանի տարի է, ինչ չենք կարողանում հանգել վերջնական փոխընդունելի լուծման: Ավելին, խնդրի արդիականությունն անընդհատ աճում է: Այսօր մենք պետք է գտնենք բոլորին անհրաժեշտ կոնսենսունսը»,- շեշտեց Բելառուսի նախագահը:
Խոսելով նիստի օրակարգի մասին՝ նա նշեց, որ դրա հիմնական հարցը մինչեւ 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների ընդունումն է: «Այս փաստաթուղթը եւ՛ հարաբերությունների խորացմանն ուղղված գործողությունների ծրագիր է, եւ՛ յուրատեսակ շրջադարձային կետ մեր երկրների տնտեսությունների զարգացման տեմպի վերականգնման եւ ավելացման համար»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նախագահը նշել է, որ փաստաթղթի նախապատրաստումը դժվար էր առաջ գնում, բայց, ընդհանուր առմամբ, կողմերին հաջողվել է համաձայնեցված որոշումների հասնել ինտեգրման խորացման բոլոր ուղղություններով: Այս կապակցությամբ նա շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ կառուցողական մոտեցման համար: