00:00:00

Չինաստանի կառավարությունը կարծում է, որ համավարակը չի ավարտվել եւ դեռ վաղ է հետաքննություն սկսել

22:30, 18 մայիս 2020 Աշխարհ

Չինական իշխանությունները վաղաժամ են համարում նոր տիպի կորոնավիրուսի առաջացման եւ տարածման պատճառների հետաքննությունը, քանի դեռ համավարակը չի ավարտվել: Այժմ գլխավոր խնդիրը վիրուսի դեմ համատեղ պայքարն է ամբողջ աշխարհում, երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մեծ թվով երկրներ հավատում են, որ համավարակը դեռ չի ավարտվել, եւ ամենակարեւոր խնդիրը ներկայումս համագործակցությունն ու համատեղ պայքարն է [վիրուսի դեմ]»,- ասել է նա: «Հասուն չէ անհապաղ հետաքննություն սկսել»,- ասել է Չժաո Լիցզյանը: «Չինաստանը հույս ունի, որ բոլոր երկրները կամրապնդեն համագործակցությունը գիտական ​​հիմունքներով, կխթանեն կառուցողական երկխոսությունը եւ կբարելավեն համաշխարհային առողջապահական համակարգը»,- եզրափակել է դիվանագետը: Ինչպես երկուշաբթի հաղորդել է The Australian պարբերականը՝ վկայակոչելով Ավստրալիայի արտգործնախարար Մարիս Փեյնին, ավելի քան 110 երկիր աջակցել է Ավստրալիայի կոչին անկախ հետաքննություն անցկացնել աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառների եւ հանգամանքների վերաբերյալ: Իսկզբանե Կանբերրայի առաջարկին աջակցել էին աշխարհի առանցքային երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Կանադան, Նոր Զելանդիան, Ճապոնիան եւ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները: Ավելի ուշ աֆրիկյան մի շարք երկրներ եւս միացան կոչին, ինչից հետո հետաքննությանը աջակցող պետությունների ընդհանուր թիվը հասավ 116-ի: Ակնկալվում է, որ երկրների համապատասխան որոշումը կարտացոլվի Առողջապահության 73-րդ համաշխարհային ասամբլեայի բանաձեւում, որը կսկսվի Ժնեւի ժամանակով երկուշաբթի կեսօրին: Բանաձեւի նախագիծը, մասնավորապես, ներառում է «այս իրավիճակում ամենամոտ ժամանակներս համավարակի դեմ պայքարի միջազգային միջոցառումների եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործողությունների անաչառ, անկախ եւ համապարփակ գնահատման փուլային գործընթաց» սկսելու պահանջը: Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հերթական համագումարը կանցկացվի վիդեոկոնֆերանսի ձեւաչափով: ԱՀԿ-ի գլխավոր ֆորումին կմասնակցեն կազմակերպության 194 անդամ պետությունների նախարարներ եւ միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչներ: Ըստ Չինաստանի արտաքին գործերի նախարարության՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ելույթով հանդես կգա Առողջապահության 73-րդ համաշխարհային ասամբլեայի բացման արարողությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր