ԱՄԷ պետնախարար Անվար Մուհամմեդ Գարգաշը հերքել է երկրի արտգործնախարար շեյխ Աբդուլլահ բեն Զաիդ Ալ Նահայանի դեմ մահափորձի մասին տեղեկատվությունը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Այսօր ես խոսեցի եղբորս՝ շեյխ Աբդուլլահ բեն Զաիդի հետ, ինչպես մենք դա անում ենք ամեն օր, եւ մենք ծիծաղեցինք կատարական ֆեյքերի վրա»,- ասել է նա՝ հավելելով․ «Ես աղոթում եմ նրա առողջության, երջանկության եւ երկար կյանքի, ինչպես նաեւ մեր հարեւանների իմաստնության ու խելամտության համար», հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություն էր հայտնվել մահափորձի հետեւանքով երկրի ԱԳՆ ղեկավարի մահվան մասին: Այն տարածել էին նաեւ թուրքական եւ իրանական որոշ լրատվամիջոցներ: Ինչպես հաղորդում է իրանական Al Alam հեռուստաալիքը, հղում անելով սոցիալական ցանցերի արաբալեզու հեռարձակումներին, ուրբաթ երեկոյան մայրուղիներից մեկում ռմբակոծվել է արտգործնախարարի Nissan Patrol-ը: Նա, իբր, ծանր վիրավորվել էր, իսկ նրա ուղեկիցներից մի քանիսը, իբր, սպանվել էին: Լուրն ուղեկցվում էր վառվող մեքենայի տեսանյութով: Նույն հաղորդագրության մեջ բերվում էր ԱՄԷ-ի քաղաքացիներից մեկի Instagram-ում մեկնաբանություններն այն մասին, որ բջջային հեռախոսով նկարահանված այրվեղ ջիպը, որից ծխի սեւ սյուն է բարձրանում դեպի երկինք, բռնկվել է ուժեղ շոգի հետեւանքով։