00:00:00

Ով էր թույլ տվել մետրոյի դիմաց սանձարձակ քարոզ. պարզաբանում են մետրոպոլիտենից

22:58, 02 նոյեմբեր 2019

Մինչ այսօր Ազգային ժողովում, ապա Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց տեղի էին ունենում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ակցիաներ՝ Հանրապետության հրապարակի մետրոյի դիմաց խայտառակ միջոցառում էր իրականացվում: Կապտամազ աղջիկներ (թեպետ անցորդները նույնիսկ դժվարությամբ էին ընկալում աղջի՞կ են, տղա՞, թե՞…) պատրաստվում էին ինչ-որ արարողություն իրականացնել, իսկ գլխավոր դերակատարներն էին տնքոցներով ռեփ ընթերցող մի ագրեսիվ աղջիկ եւ մետրոյի շատրվանների մեջ գալարվող եւս մեկը: Իհարկե, այն ընդհատվեց՝ անցորդների բողոքի շնորհիվ, մինչդեռ շարունակվելու է վաղը: Ի վերջո, ովքեր էին նրանք, ինչպես էին ստացել նման միջոցառում իրականացնելու թույլտվություն, «Իրավունքը» պարզաբանման համար դիմեց Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար ՏԱԹԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ: - Կասե՞ք, թե ինչ հիմքով եք թույլ տվել, որ մետրոյի դիմաց նման միջոցառում անցկացվի: - Մետրոպոլիտենի տնօրինությանը դիմել էր Հասմիկ Թանգյան անունով մի աղջնակ, որն ուներ Երեւանի քաղաքապետարանից թույլտվություն: Այդ թույլտվության մեջ մասնավորապես ասված էր, որ մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի դիմաց՝ շատրվանների մոտ, միջոցառում-ներկայացում անցկացնելու վերաբերյալ դիմումն ընդունվել է ի գիտություն: Այդ ներկայացման կազմակերպիչներն ինձ զանգահարեցին եւ ասացին, որ միջոցառման ամբողջական փաթեթր ուղարկել են Երեւանի քաղաքապետարան եւ 10-15 օր ուսումնասիրելուց հետո՝ իրենց տվել են նման թույլտվություն: Իհարկե, մետրոպոլիտենը փակ բաժնետիրական ընկերություն է, բայց Երեւան քաղաքինն է եւ քաղաքապետարանին է ենթարկվում:
Video Player
- Ըստ էության, ստացվում է, որ բովանդակությունից տեղյակ չէ՞իք եւ չէիք էլ կարո՞ղ թույլ չտալ, քանի որ ունեին քաղաքապետարանի թույլտվությունը: - Քաղաքապետարանից որոշում կար, բայց, սովորաբար, եթե քաղաքապետարանը ծանոթացել է արդեն, մենք թույլ ենք տալիս: Բացի այդ, նրանք իրենց դիմումի մեջ նշել էին, որ այս ներկայացման դրամաշնորհը ստացել են ԿԳՍՄ նախարարությունից: Ես,  որպես մետրոպոլիտենի մամուլի քարտուղար, իրավասության չունեմ իմ ղեկավարության եւ գերատեսչության դեմ գնալ եւ ասել՝ ոչ, որովհետեւ իրենք արդեն ուսումնասիրել են: Ես բովանդակային առումով ծանոթ չեմ եղել: Եթե անգամ իմանայի բովանդակային առումով ինչ է լինելու, կփորձեի գործընկերային հարաբերության վրա հենվելով՝ զգուշացնել, որ այսինչ բանն է տեղի ունենում, դուք տեղյա՞կ եք: - Մետրոպոլիտենին ուղղված դիմում չի՞ եղել նման միջոցառում իրականացնելու վերաբերյալ: - Սովորաբար, նկարահանումներ, միջոցառումներ կատարելու համար առանձին դիմում են ներկայացնում եւ այդ դիմումի մեջ կցում են նաեւ այն բոլոր մասնակիցների անձը հաստատող փաստաթղթերը, ովքեր պետք է մասնակցեն այդ միջոցառմանը: Իրենք հավուր պատշաճի ներկայացրել են՝ ի գիտություն կցելով քաղաքապետարանի որոշումը: Մեզ դիմել էին, որպեսզի աջակցենք նոյեմբերի 2-ի միջոցառումը, որը պետք է կայանա Հանրապետության հրապարակի կայարանի շատրվանների մոտ: Առաջին անգամ է նման միջադեպ տեղի ունենում: Երբեւէ նման բան չի եղել: Քաղաքացիներն են բողոքել եւ դրա համար ընդհատվել է: Անկեղծ ասած, ներկայացման բովանդակությունն ինքս չեմ տեսել: Սակայն ասել էին, որ այն ներկայացնում է ժամանակակից պար եւ ֆուտուրիստական պոեզիա։ Նախագիծը իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության տրամադրած դրամաշնորհի աջակցությամբ։ Ստեղծագործությունը կոչվում է «Հուսանք ու Զանգ», ըստ ֆուտուրիստ պոետ Գեւորգ Աբովի համանուն գրքի։ - Ի վերջո, վաղը շարունակվելո՞ւ է այս ներկայացումը մետրոյի դիմաց: - Այս ամբողջ միջադեպից հետո՝ չեմ կարող ասել: Սակայն նշեմ, որ մետրոպոլիտենի կողմից փաստաթղթերը պատրաստ են թույլտվության համար: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ Հ.Գ.- Վերոնշյալ ներկայացումից մի հատված դիտե՛ք տեսանյութում.  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր