ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարզպետարանների 2018 թվականի գործունեության ծրագրին: «Մարզերի 2017 թվականի հաշվետվությունների ուսումնասիրման և մարզային խորհրդակցությունների արդյունքում, պետք է ընդգծել, որ բոլոր մարզերում 2016 թվականի ցուցանիշների համեմատությամբ 2017 թվականին արձանագրվել է զգալի դրական աճ այդ թվում՝ ֆինանսական, գյուղատնտեսական, սոցիալական, ինչպես նաև շինարարության, աղբահանության և այլ ոլորտներում։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են 2018 թվականի մարզպետարանների գործունեության պլանային իրատեսական ցուցանիշները, որոնք սակայն՝ ոչ ամբողջությամբ են իրացվել համապատասխան տարեկան ծրագրերում»,- նշեց նա:
Ելնելով վերոնշյալից Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման, Ֆինանսների նախարարներին և մարզպետներին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ մարզպետարանների տարեկան գործունեության ծրագրերը վերանայելու ուղղությամբ, հատկապես անդրադառնալով մեկ շնչի ընկնող համայնքների սեփական եկամուտների աճի ցուցանիշներին, համայնքային բյուջետային միջոցների հավաքագրման, ծախսային, համայնքներում աղբահանություն և սանիտարական մաքրման աշխատանքները ծաղսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ ցուցանիշներին։ Նա հանձնարարեց իրականացված աշխատանքների մասին ներկայացնել հաշվետվություն Կառավարության աշխատակազմ։
« Տարածքային կառավարման և զարգացման նախարարին և Մարզպետներին Մարզպետարանների աշխատակազմի և ենթակայությամբ գործող այն ոլորտներում, մարմիններում որտեղ արձանագրվել են բացթողումներ, օրենքով սահմանված կարգով անդրադառնալ նաև կադրային փոփոխությունների հարցերին»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:
Irakanum.am