00:00:00

Հրկիզել է դիակն ու ամառանոցը. բացահայտվել է Լոռիում դաժան սպանությունը. ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ

16:43, 19 օգոստոս 2019 Իրավական

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 46-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Լոռու մարզի 20-ամյա բնակիչը: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնից հաղորդում է ստացվել 46-ամյա տղամարդու ամառանոցը այրվելու եւ վերջինիս դիակը նշված ամառանոցում հայտնաբերելու մասին: Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը  դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին եւ սպանել նրան: Այնուհետեւ հանցագործության հետքերը վերացնելու նպատակով հրկիզել է դիակը եւ ամառանոցը: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակի արտաքին զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ: Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Լոռու մարզի բնակիչ է՝ ծնված 1999 թվականին: Վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր