Երեկ՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Խուլիգանություն կատարելու կասկածանքով քաղաքացին Չարենցի փողոցի 1 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի բնակիչ, 27-ամյա Արմեն Հ.-ն է, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի օդամղիչ ատրճանակ՝ իր պահունակով: Արմեն. Հ.-ն բերման ենթարկվելուց րոպեներ առաջ նշված ատրճանակով մեկ անգամ օդ է կրակել՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Բակունցի փողոցի 11 շենքի մոտակայքում վիճաբաություն է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցի ձայներ են լսվել: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում, նշված շենքի բակում եղած աղմուկը դադարեցնելու նպատակով նույն շենքի բնակիչ, 40-ամյա Ալեն Մ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իրեն պատկանող «Բայկալ» տիպի հրացանով բակում մի քանի անգամ օդ է կրակել: Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են նշված հրացանը՝ փամփշտանոցում մեկ կրակված պարկուճով, մեկ պարկուճ էլ հայտնաբերվել է բակում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: