ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարալիկում մասնակցեց բամբակամանվածքային գործարանի բացման արարողությանը: Օգոստոսի 10-ին վարչապետը շրջեց գործարանի տարածքով և ծանոթացավ ընթացող աշխատանքներին:
Գործարանի համասեփականատեր Գևորգ Գասպարյանը նշեց, որ թել արտադրող իրենց գործարանն իր շուրջը կհամախմբի ամբողջ տեքստիլը:
«Բազմաթիվ փոքր գործարաններ կսկսեն աշխատել և հսկայական աշխատատեղ կապահովվի»,- ասաց նա:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ կառավարությունն օրենքով նախատեսված արտոնություն է տրամադրել գործարանին, իսկ անհրաժեշտության դեպքում գործարանը կկարողանա ընդլայնել ամսական արտադրվող թելի ծավալը:
«Գործարանն այս պահին պատրաստվում է ամսական 300 տոննա թել արտադրել, բայց, եթե կլինեն կազմակերպություններ, որոնք պահանջարկ կստեղծեն, հնարավոր կլինի ընդլայնել արտադրվող թելի ծավալը»,- նշեց նախարարը:
Գործարանի բացման համար արդեն ներդրվել է ավելի քան 4 մլն դոլար: Հայաստանի կառավարությունը մինչև 13 մլն ներդրման արտոնություն է տրամադրել։ Գործարանը 297 հազար դրամ միջին աշխատավարձով աշխատատեղեր կապահովի 150 մարդու համար։ Այն հիմնադրվել է նախկին բամբակամանվածքային գործարանի տարածքում, որից ոչինչ չէր մնացել։ Նախկինում` Խորհրդային միության տարիներին, 1700 մարդ է աշխատել գործարանում։