Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ թեժ քննարկումները շարունակվում են։ Քննարկումներ ընթանում են նաև սոցիալական ցանցերում։ Որոշ օգտատերեր փնովում են այն պաշտոնյաներին, որոնք կողմ են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, ավելին՝ շատերը նույնիսկ վիրավորական արտահայտություններով են ներկայացնում նման պաշտոնյաներին։ Իհարկե, կան նաև անպիսիք, ովքեր կողմ են կոնվենցիայի վավերացմանը։Խոսելով վիրավորանքների մասին՝ պետք է նշել՝ դրանից անմասն չի մնացել նաև նախարար Զարուհի Բաթոյանը, ով ակնհայտորեն կողմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։
Բոլորովին վերջերս՝ երկու օր առաջ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) մասին հրավիրված քննարկմանն իրեն հրապարակավ անձնական վիրավորանք են հասցրել:
«Երեկ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորուման հրավերով կառույցի կենտրոնական գրասենյակում մասնակցեցի կոնվենցիայի մասին քննարկմանը։ Կարևորելով հանրային երկխոսությունը՝ ես և արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը երեքուկես ժամ տևած հանդիպման ընթացքում մանրակրկիտ անդրադարձանք ընտանեկան բռնության և կանանց հանդեպ բռնության կանխարգելմանը, համբերատար պատասխանեցինք ներկաների բոլոր հարցերին», - նշել էր Բաթոյանը՝ նշելով՝ քննարկմանը ներկա են եղել «Կամք» նախաձեռնության անդամները, ապա ավելացրել, որ վերոնշյալ հանդիպման վերջում անձնական վիրավորանք են հասցրել իրեն։
Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ստեղծված թոհուբոհին՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը irakanum.am-ի հետ զրույցում նշեց՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը կախված է նրանից, թե վարչապետն ինչ որոշում կընդունի։
«Եթե վարչապեը որոշի, որ կկարողանա Արևմուտքի հետ լեզու գտնել և Ստամբուլյան կոնվենցիան «վաճառել» իր համար ցանկալի որոշման համար, ապա «կվաճառի», և նրա կողմնակիցների մեծ մասը կոնվենցիային կողմ կքվեարկի։ Իսկ եթե Արևմուտքը չցանկանա գնել Ստամբուլյան կոնվենցիան՝ վարչապետի համար ցանկալի ինչ-որ տարբերակով, հնարավոր է՝ վարչապետը հենց այնպես, ուղղակի վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան՝ փորձելով «ապառիկով վաճառել» Արևմուտքին։
Այսինքն՝ խնդիրն այն չէ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կհամաձայնե՞ն կոնվենցիայի վավերացմանը, թե ոչ։ Որոշողներ չկան․ հիմնական որոշողը վարչապետն է, վարչապետը ոնց կասի, խմբակցության 90 տոկոսը այդպես կքվեարկի, և այնպես չէ, որ վարչապետն ասի՝ կողմ քվեարկեք, «Իմ քայլ»-ի պատգամավորները հասարակական կամ ինչ-որ այլ ճնշումներից դելնելով՝ դեմ կքվեարկեն։ Այպիսի բան չի լինի, ինչպես չի եղել նախորդ երեսուն տարիների ընթացքում՝ առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահի օրոք։ Ինչպես նրանք ասել են, վերջիններիս կողմնակիցները կոճակը սեղմել են ու, ինչպես ասում են, շվացնելով անցկացրել են այս կամ այն նախագիծը», - նշեց Արմեն Բադալյանը։