Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.
Ուրախությունս չեմ կարող զսպել…
Ընդամենը մեկուկես ամիս առաջ նախաձեռնեցի այցեր Վայոց ձորի սահմանապահ բնակավայրեր։ Հերթով այցելեցի բոլոր գյուղերը, աշխատանքից կտրեցի գյուղապետերին, գյուղացիներին, զրուցեցի երեխաների և կանանց հետ։
Խնձորուտը…
Նախիջևանի սահմանին փռված այս հրաշք բնակավայրը թվով երկրորդ գյուղն էր։ Համայնքի ղեկավարը սկսեց խնդիրները թվարկել։
Սկզբում շփոթված չգիտեր՝ որ խնդիրը առաջինը ներկայացնի՝ խմելո՞ւ ջուրը, թե՞դեպի գյուղ ձգվող աղետալի ճանապարհը։
Սկսեց խմելու ջրի՝ տարիներ առաջ կիսատ թողնված ջրագծից։ Պարզվեց՝ գյուղի բոլոր բնակիչները՝ մեծից փոքր ատամի խնդիր ունեն և համոզուկ կար, որ խնդիրը կապված է խմելու ջրի հետ՝ հին, մաշված ջրագծի պատճառով ջուրը պատշաճ կերպով չի ֆիլտրվում և անցնում է հին, մաշված խողովակով։
Տարիներ շարունակ, բազմաթիվ ընտրություններ, ՀՀԿ ու ԲՀԿ պատգամավորության թեկնածուներ ու ընտրված պատգամավորներ խոստացել են ձեռնամուխ լինել ջրագծի հիմնանորոգման աշխատանքներին… ընտրվելուն պես մոռացել են ու ջրագիծը շարունակել է մաշվել ու քայքայվել։
Վերադառնալուն պես, անհապաղ հանդիպեցի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Ուշ ժամ էր, նախարարը լսեց իմ գույքագրած հարցերը, հատկապես կանգ առանք Խնձորուտի ջրագծի խնդրի վրա։ Անմիջապես կապվեց տեղակալին և հանձնարարեց ուսումնասիրել խնդիրը։
Վերջին շաբաթներին խնդրո առնչությամբ անընդհատ կապի մեջ եմ եղել նախարար և նրա հանձնարարությամբ խնդիրը համակարգող տեղակալ Կարեն Իսախանյանի հետ։
Վերջապես լավ լուրը…
Նախարարությունը պահուստային ֆոնդից գումար է հատկացրել և առաջիկա շաբաթներին ամբողջությամբ հիմնավորապես նորոգելու է գյուղի ջրագիծը՝ այդպիսով լուծելով տարիներ շարունակ չլուծված խմելու ջրի խնդիրը։
Այսուհետ իմ
շատ սիրելի սահմանապահ Խնձորուտ համայնքի քաջ ու խիզախ բնակիչները՝ մեծից- փոքր, ապահովված կլինեն անխափան մաքուր խմելով ջրով։
Շնորհակալություն…
Հ.Գ. Ճանապարհի մասին՝ հաջորդիվ