00:00:00

Նախատեսվում է ՀՀ-Արցախ հեռախոսակապի համար սահմանել միասնական գին․ Գարեգին Բաղրամյան

15:18, 08 օգոստոս 2019

 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում  հայտարարեց՝ բջջային կապի ոլորտում սակագների էական նվազումներ կլինեն և Հայաստանում և Արցախում։
 
2020-ի հունվարի 1-ից Արցախից ելքային զանգերը 38 դրամից կնվազեն մինչև 29 դրամ, որն էլ իր հերթին մինչև 2021 թվականի հունվար կնվազի՝ հասնելով 27 դրամի։
 
Մուտքային զանգերը 25 դրամից կնվազեն մինչև 15, այնուհետև՝ 13 դրամ։ Էական նվազեցումներ կլինեն ինտերնետի սակագների հարցում. գործող 45 դրամը հունվարի 1-ից կդառնա 22 դրամ։
 
Գարեգին Բաղրամյանի խոսքով՝   նվազելու են  նաև  ռոումինգ ծառայության գները,  փոխկապակցման գներն են հաստատուն գրաֆիկով նվազելու՝ յուրաքանչյուր տարի մեկ դրամով։
 
«Վերջնական նպատակն է հասնել այն փոխկապակցման գնին, որոնք կան մեր օպերատորների միջև։ Կդառնա միասնական գին», - ասաց Գարեգին Բաղրամյանը։
 
Հարցին՝ ռոումինգը ընդհանրապես վերանալո՞ւ է, Բաղրամյանը պատասխանեց. «Հասնելու ենք նրան, որ լինի վերջնական միասնական գին»։
 
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում բանակցությունները շարունակվելու են և հուշագրի ստորագրման ժամանակ հայտնի են լինելու այդ ամենին հասնելու ժամկետները։
 
Օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերը․ 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ սակագին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր