00:00:00

Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է «Շշի Մելոյի» եղբոր նկատմամբ կիրառված բռնությունը

23:07, 07 օգոստոս 2019 Իրավական

ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբոր՝ «Սամ-հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանն այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն և բացատրություն տվել օգոստոսի 3–ին իր նկատմամբ ոստիկանությունում կիրառված բռնության վերաբերյալ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։ Վերջինս նաև տեղեկացրեց, որ Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ Մանուկյանի վրա բազմաթիվ մարմնական վնասվածքներ են առկա, որոնք կարող էին առաջանալ նրան ծեծի ենթարկելու հետևանքով։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ռ.Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է բռնության հանգամանքը։ Եզրակացությամբ փորձագետները Ռոբերտ Մանուկյանի մոտ ախտորոշել են կրծքավանդակի հետին պատի սալջարդ, վերին վերջույթների, գլխի փափուկ հյուսվածքների սալջարդեր։ Դատաբժշկական փորձաքննությունն արձանագրել է, որ Ռ. Մանուկյանի մոտ առաջացած սալջարդերն ու վնասվածքներն ակնհայտորեն առաջացել են բռնության գործադրումից։ Վերջինիս ստացած մարմնական վնասվածքները հասցված են բութ առարկաներով կամ բութ գործիքներով առնվազն մեկական անմիջական ներգործությամբ (հարված, սեղմում, շփում): «Ռ. Մանուկյանը վնասվածքներ է ստացել գլխի ձախ ունքածոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի և քերծվածքների, կրծքավանդակի աջ և ձախ կեսերի առաջնային և հետին, աջ արմնկային հոդի շրջանի ներսային, ձախ ուսային հոդի շրջանի առաջադրսային մակերեսների արյունազեղումների, ձախից գոտկային շրջանի հետին մակերեսի քերծվածքների և արյունազեղումների, աջ արմնկային հոդի շրջանի հետին, ձախ արմնկային հոդի շրջանի հետին, ձախ նախաբազկի վերին երրորդականի ներսային մակերեսների քերծվածքների զույգ նախաբազուկ-դաստակային հոդերի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդերի, աջ ձեռքի 1-ին մատի եղնգային ֆալանգի դրսային մակերեսի սալջարդ վերքի և քերծվածքի ձևով»,- արձանագրել է դատաբժշկական փորձագետը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվելուց հետո հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով ոստիկանների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցել քրեական գործ, ոստիկանների ոչ իրավաչափ գործողություններին տալ քրեաիրավական գնահատական և Մանուկյանին ճանաչել գործով տուժող։ Ձերբակալման օրը Մանուկյանի փաստաբաններն այցելել  էին ՁՊՎ և Մանուկյանի վրա բռնության հետքեր հայտնաբերել՝ հիմնականում մեջքի և գլխի գագաթային շրջանում։ Մանուկյանը փաստաբանին պատմել է, որ ինքը բռնության է ենթարկել ոստիկանության բաժնում մի քանի ոստիկանների կողմից։ Ըստ ոստիկանության՝ երբ ոստիկանները օգոստոսիօ 3–ին այցելել են Մանուկյանի բնակության հասցե՝ նրան որպես կասկածյալ բերման ենթարկելու, տղամարդը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և դիմադրություն է ցույց տվել։ Ոստիկանության ծառայողները ֆիզիկական ուժ են կիրառել և հիշյալ տղամարդուն բերման ենթարկել ոստիկանություն Կոտայքի բաժին և ձերբակալել։ Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել երեկ՝ օգոստոսի 6–ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր