00:00:00

Արտահանձնում տեղի չի ունենա․ Պողոսյանը ընտանիքին տեղափոխել է ՌԴ

19:46, 29 հուլիս 2019 Իրավական

ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնումը տեղի չի ունենա։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով այս մասին տեղյակ  է պահվել նաեւ ՀՀ իշխանություններին, ովքեր ռուսական կողմի պատասխանը չեն հրապարակում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում ասել էր արտահանձնման գործընթացը բնական էքստրադիցիոն գործընթացի մեջ է: «Արտահանձնման գործընթացի իրակացման ընթացում ենթակա անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով։ Միջազգային իրավական կարգավորումների համաձայն, գործընթացը գաղտնի է. պետությանը, որին դիմում են, պարտավոր է չհրապարակել: Մենք էլ ենք ունենում բազում գործեր, երբ հետախուզվողին հայտնաբերում ենք, էքստրադիցիոն գործընթացում դիմում են ապաստանի համար: Մենք պարտավոր ենք պահպանել միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված ընթացակարգերը որը ենթադրում է դրա համար պատկան մարմինների քննարկում, որոշման կայացում», - ասել էր Արթուր Դավթյանը, չբացառելով, որ ռուսական կողմը ապաստան կտա Միհրան Պողոսյանին, և արտահանձնումը կչեղարկվի: Ըստ էության հենց այդպես էլ արվել է։ Միաժամանակ մեզ հասած տեղեկությունների համաձայն Միհրան Պողոսյանի ընտանիքը եւս տեղափոխվել է ՌԴ։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) ներգրավել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ապրիլի 13–ին քննիչները Պողոսյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Ապրիլի 22-ին նա հայտնաբերվել է Ռուսաստանում, իսկ ապրիլի 23-ին 40 օրով կալանավորվել է: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր