00:00:00

«Մեռի՛, հերիք էղավ քեզ աբսլուգություն անեմ». Երևանում «Գյամշը» ծեծելով սպանել է իր հետ ապրող հաշմանդամ ընկերոջը

00:13, 28 հուլիս 2019 Իրավական

1in.am-ը գրում է․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Նորայր Ավագյանի գործի դատական քննությունը:
1971 թվականին ծնված Նորայր Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Դատարանը հիմնավորված է գնահատել հետևյալը:
Նորայր Ավագյանը նախկինում մի քանի անգամ դատապատված է եղել: Վերջին անգամ պատիժ կրելուց հետո ազատություն վերադառնալով՝ նա մշտական բնակության վայր չի ունեցել, ապրել է Երևանում գտնվող տարբեր շինություններում, չարաշահել է ալկոհոլը:
Հերթական պատիժը կրելու ընթացքում կալանավայրում նա ծանոթացել է այս գործով տուժողի՝ Վաղարշակ Ա.-ի հետ: 2016 թվականի հոկտեմբերից Նորայր Ավագյանն ու Վաղարշակը միասին բնակվել են Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող չշահագործվող շենքում: Վաղարշակ Ա.-ն առողջական խնդիրներ ուներ, դժվարությամբ էր տեղաշարժվում: Նորայր Ավագյանը նրան օգնել է՝ մթերք է գնել, նույնիսկ զուգարան է ուղեկցել, խնամել է: 2016 թվականի ամռանը Նորայր Ավագյանը Գարեգին Նժդեհի հրապարակում ծանոթացել է Աննա Ա.-ի հետ: Այդ կինը նույնպես հակում ուներ ալկոհոլի նկատմամբ: Նորայրը Վաղարշակի ու Աննայի հետ պարբերաբար ալկոհոլ է օգտագործել: 2016 թվականի հոկտեմբերի 17-ի առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, Նորայր Ավագյանը Վաղարշակի հետ գտնվել է Բագրատունյաց փողոցի չշահագործվող շենքի՝ իրենց համար բնակության վայր ծառայող սենյակում: Նրանց այցելել է Աննան, որը գնացել է «Երևան Սիթի» սուպերմարկետ և օղի է բերել: Միասին խմել են: Հետո նորից օղի են գնել, շարունակել են խմել… Նույն օրը, ժամը 16-ի սահմաններում նրանց այցելել է հարևանությամբ գտնվող շոգեբաղնիքում պահակություն անող ու նույն վայրում էլ բնակվող, ընդհանուր ծանոթ Սամվելը: Նա ասել է, թե գնում է խմիչք և ուտելիք գնելու, որ հետո իր բնակության վայրում միասին հաց ուտեն: Սամվելը դուրս է եկել: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Վաղարշակը վատ է զգացել ու Նորայրին խնդրել է իրեն զուգարան ուղեկցել: Նորայրը, նույնպես գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, բարկացել է, ցավագին է ընդունել Վաղարշակի խնդրանքը, նրան բազմոցից քաշել, գցել է հատակին, թևերից բռնած՝ քարշ է տվել հարևան սենյակ, որտեղ հայհոյանքներ տալով՝ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Վաղարշակի գլխին, դեմքին, բռնել է նրա ուսերից ու նրա գլուխը երեք-չորս անգամ հարվածել է սալիկապատ հատակին՝ ասելով. «Մեռի՛, հերիք էղավ քեզ աբսլուգություն անեմ»: Ըստ դատական ակտի՝ Վաղարշակ Ա.-ն ստացել է բազմաթիվ ծանր վնասվածքներ, այդ թվում՝ գանգուղեղային ծանր վնասվածք: Նա անշարժացել է, բայց աչքերը բաց են եղել: Ըստ դատական ակտի՝ Նորայր Ավագյանը հասկացել է, որ Վաղարշակը մահացել է: Նրան քարշ տալով՝ տարել է հարևան սենյակ ու տեղավորել է հատակին գցած ստվարաթղթի վրա: Դեպքին ականատես Աննա Ա.-ն, տեսնելով հատակին արյան հետքերն ու Վաղարշակի վիճակը, Նորայրին մեղադրել է Վաղարշակին սպանելու համար: Եկել է նաև քիչ առաջ հեռացած Սամվելը, Աննայից իմացել է տեղի ունեցածի մասին և առաջարկել է Նորայրին ու Աննային, որ իր հետ գնան իր բնակության վայր ու… շարունակեն խմելը… Հրավիրվածները անմիջապես համաձայնել են: Ճանապարհին Աննան Սամվելին ավելի մանրամասն է պատմել, թե ինչ է կատարվել նրա բացակայությամբ: Սամվելի բնակության վայրում մոտ մեկ ժամ ալկոհոլ են օգտագործել, հետո Նորայրն Աննային առաջարկել է միասին գնալ իրենց բնակության վայր ու տեսնել՝ Վաղարշակը ո՞ղջ է, թե՞ ոչ: Նրանք իրար հետ գնացել են դեպքի վայր ու տեսել են, որ Վաղարշակը նույն դիրքով անշարժ ընկած է հատակին: Նորայրը հեռացել է, Աննան վերադարձել է Սամվելի մոտ… Նորայր Ավագյանը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ ծանոթներն իրեն ճանաչում են «Գյամշ» մականունով: Ինքը համարյա ամեն օր խմիչք է օգտագործել… Դեպքի օրը խմել են իրենց բնակության վայրում: Վաղարշակը ցանկացել է գնալ զուգարան, չի կարողացել, ընկել է սեղանին: Ինքը զայրացել, նրա թևերի տակից բռնել, քարշ տալով նրան տարել է հարևան սենյակ, գցել է գետնին ու սկսել է ձեռքերով ու ոտքերով հարվածել նրան: Զգացել է, որ Վաղարշակը թուլացել է: Բռնել է նրա մեջքից, մի քանի անգամ բարձրացրել ու հարվածել է սալիկապատ հատակին, որ նա ուշքի գա ու սթափվի: Բայց նրա գլուխը կպել է հատակի սալիկներին: Ինքը զգացել է, որ Վաղարշակը մահացել է: Նրան տեղափոխել է կողքի սենյակ, պառկեցրել է հատակին գցած ստվարաթղթի վրա: Աննան ամբողջ ընթացքում ներկա էր, իսկ Սամվելը եկել է, երբ Վաղարշակին պառկեցրել էր ստվարաթղթի վրա: Ինքը փոխել է Վաղարշակի շորերը, հավաքել է սենյակում եղած օղու շշերը: Աննայի ու Սամվելի հետ հեռացել է: Վաղարշակի հագուստն ու սենյակից հավաքած իրերը գցել է Երևանյան լիճը… Սամվելի բնակության վայրում որոշ ժամանակ մնացել, Աննայի ու Սամվելի հետ խմել է, հետո Աննային առաջարկել է գնալ ու տեսնել՝ միգուցե Վաղարշակը ո՞ղջ է: Գնացել են իրենց բնակության վայր: Տեսել է, որ Վաղարշակը նույն դիրքով, անշարժ պառկած է: Հեռացել են այնտեղից: Պատահական անցորդի հեռախոսը վերցրել, զանգել է Վաղարշակի քրոջը ու խոսակցության մեջ ասել է, թե Վաղարշակը մահացել է… Դատարանում Նորայր Ավագյանը հայտնել է, թե Վաղարշակին դիտավորյալ չի սպանել, բայց ընդունում է, որ նա իր մեղքով է մահացել: Ինքը նրան հարվածում էր ոչ թե սպանելու, այլ «խելքի բերելու համար»… Իրեն մեղավոր է համարում, որ շտապօգնություն չի կանչել: Դատարանը հաստատված է գնահատել Նորայր Ավագյանին առաջադրված մեղադրանքը: Նորայր Ավագյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 10 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հոկտեմբերի 21-ից: Այս դատական ակտը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր