ՀՀ զինվորական դատախազությունը վերլուծել և ամփոփել է 2019թ. 1-ի կիսամյակի ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում հանցավորության ընդհանուր վիճակը, հանցագործությունների կանխման, բացահայտման, վիճակին, դրանց էֆեկտիվության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունավետության վիճակը:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է ԶՈՒ և այլ զորքերում հանցագործության 425 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 509 դեպքի դիմաց, այսինքն հանցագործությունների քանակը նվազել է 84 դեպքով կամ 16.5%-ով: Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 58-ով, կամ 18.5%-ով, իսկ այլ, ընդհանուր բնույթի հանցագործությունները ` 26-ով, կամ 13.3%-ով:
2019թ. 1-ին կիսամյակում արձանագրված 425 հանցագործություններից ծանր և առանձնապես ծանր են եղել 66-ը, կամ 15.5%-ը, որոնցից 52-ը` ծանր, 14-ը` առանձնապես ծանր: Հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործությունները նվազել են 1 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 7-ով կամ երեք անգամ:
Ընդ որում՝ արձանագրված 14 առանձնապես ծանր հանցագործություններից 5-ը եղել է սպանություն, որից 2-ը` հակառակորդի կողմից, 9-ը` սպանության փորձ, որից 8-ը` հակառակորդի կողմից:
ՀՀ ԶՈւ և այլ զորքերի զորամասերում 2019թ. առաջին կիսամյակում արձանագրված հանցագործությունները, ըստ հանցատեսակների, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ունեն հետևյալ պատկերը.
- զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործություններ /ՀՀ քր.օր-ի 356-360 հոդվածներ/– 159 դեպք, ինչը 2018թ. 1-ին կիսամյակի համեմատ պակաս է 15-ով կամ 8.6%-ով:
- զինվորական ծառայություն կրելու կարգի դեմ ուղղված հանցագործություններ /ՀՀ քր.օր-ի 361-364 հոդվածներ/՝-47 դեպք, կամ 2018թ. առաջին կիսամյակի համեմատ (84) 37-ով կամ 44%-ով պակաս,
- հատուկ ծառայությունների կրման կարգի դեմ ուղղված հանցագործություններ /ՀՀ քր.օր-ի 365-368 հոդվածներ/-3 դեպք, որը 50 տոկոսով պակաս է 2018թ. առաջին կիսամյակի համեմատ՝ (6 դեպք),
- ռազմական գույքն օգտագործելու և պահպանելու, զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հետ կապված հանցագործություններ կամ /369-374 հոդվածներ/ -11 դեպք, որը 1-ով կամ 10%-ով վելի է 2018թ. առաջին կիսամյակի համեմատ,
- զինվորական պաշտոնեական հանցագործություններ /375-376 հոդվածներ/ -28 դեպք, որը 2018թ. նշված ժամանակահատվածի համեմատ (33) պակաս է 5-ով կամ 15.1%-ով:
- ռազմական տեխնիկայի օգտագործման կարգի դեմ ուղղված հանցագործություններ /ՀՀ քր.օր-ի 377-378 հոդվածներ/- 8, կամ 2018թ. նույն շրջանի համեմատ 1-ով պակաս:
- ընդհանուր բնույթի 169 հանցագործություններից նվազում է արձանագրվել նաև կյանքի և առողջության, հասարակական կարգի և բարոյականության, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցատեսակներով: 1-ական դեպքով ավելացել են միայն անձի ազատության, պատվի և արժանապատվության, ինչպես նաև սեռական անձեռնմխելիության, իսկ 4-ով՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: