Մոտ 500 բժշկական հաստատության կողմից Առողջապահության նախարարություն ներկայացվող հաշվետվությունների տրամադրման կարգն այսուհետ կպարզեցվի։
Այս ամենն այսօր որոշվեց Կառավարության նիստում։
Նախկինում վերոնշյալ ԲԿ-ները տարվա մեջ մի քանի անգամ էին հաշվետվություն ներկայացնում, իսկ հետայսու տարեկան մեկ հաշվետվություն կներկայացնեն։
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մենք սրանով թույլ ենք տալիս ԲԿ-ներին կենտրոնանալ իրենց հիմնական գործի վրա, ոչ թե ամբողջ օրը թուղթ լրացնել, որոնցից շատերը երբեւէ չեն օգտագործվել կամ հայտնել այնպիսի տվյալներ, որոնց կարիքը չկա։ էական բարեփոխում կլինի 500 ԲԿ-ի համար։ Նախարարը նաեւ հայտնեց, որ քայլեր են ձեռնարկում պետպատվերի տրամադրման կարգն առավել դյուրին դարձնելու ուղղությամբ՝ ձերբազատվելով բյուրոկրատական քաշքշուկներից։
Աշնանը կընդունենք այդ փոփոխությունները եւ մյուս տարի արդեն պետպատվերի տրամադրման կարգը կլինի առավել դյուրին, ինչի նպատակով արդեն իսկ գործարկված է էլեկտրոնային առողջապահության համակարգը, որի շնորհիվ բազմաթիվ տվյալներ ստանում են օնլայն տարբերակով»,- ասաց առողջապահության նախարարը։