00:00:00

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովի հայտարարությունը

23:59, 26 մարտ 2018

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 21-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը, ներքին և արտաքին ճակատների վրա առկա մարտահրավերները, արձանագրում է. Սահմանադրական փոփոխություններից բխող պետական կառավարման համակարգի փոփոխությունները և համապատասխան օրենսդրական կարգավորումները անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծել մեր պետականության կայուն զարգացման համար։ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության հիմնախնդիրը շարունակում է մնալ հիմնական օրակարգ և թելադրում է առաջնահերթ ռազմավարությունները պետական և հանրային կյանքի տարբեր ասպարեզներում։ ԵԱՏՄ և ԵՄ հետ գործընկերային հարաբերությունների համադրմամբ բարենպաստ միջավայր է ստեղծվել բազմավեկտոր, փոխլրացնող արտաքին քաղաքականություն իրականացնելու, քաղաքական և տնտեսական բարեփոխումները արդյունավորելու համար։ Առ այդ, առաջիկա երկամյա ժամանակաշրջանի համար ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը առաջնահերթ է համարում.
  • իրավունքի գերակայության սկզբունքների լիարժեք իրացումը երաշխավորող մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման համակարգի ձևավորումը,
  • կայուն զարգացում ապահովող սոցիալական շուկայական տնտեսական համակարգի ձևավորումը, սոցիալական արդարության սկզբունքների պահպանման գործում պետության առաջնային դերակատարության ստանձնումը և նոր աշխատատեղերի ու եկամտաստեղծ գործունեության խթանումը,
  • հանրային կյանքի բոլոր ոլորտներում համակարգային և որակական փոփոխությունների իրականացումը, իշխանության մարմինների թափանցիկ, հաշվետու և արդյունավետ աշխատանքը, հակակոռուպցիոն քաղաքականության ակտիվացումը,
  • հասարակության մեջ պետության և ապագայի հանդեպ վստահության հիմքերի ստեղծումը,
  • երկրի առաջանցիկ զարգացման ռազմավարական տեսլականի մշակումը և դրանից բխող ծրագրերի իրագործումը,
  • «Ազգ-բանակ» հայեցակարգի ամբողջական գործադրման և ռազմաարդյունաբերական համակարգի զարգացման նախադրյալների ստեղծմանն աջակցումը,
  • ակտիվ ժողովրդագրական քաղաքականության իրականացման ուղղությամբ թիրախավորված ու գործուն քայլերի ձեռնարկումը և արտագաղթի կասեցումը։
  Մեկնելով այս հաստատումներից և առաջնահերթություններից՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի շեմին ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը վերահաստատում է իր կամքն ու վճռականությունը հետևողական և ամենօրյա աշխատանքով նպաստելու մեր պետականության հետագա զարգացմանը, մեր ժողովրդի անվտանգ և արժանապատիվ կյանքի պայմանների ապահովմանը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողով

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր