Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը նշեց՝ ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ՝ ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները, սակայն դեռևս այդ տվյալները հրապարակման ենթակա չեն:
«Ոստիկանական աշխատանքներն ու միջոցառումներն իրականացվում են: Այդ 36 հոգին, որ հնչեցրեց վարչապետը, վերաբերում է հակաօրինական գործողությունների ակտիվ մասնակիցներին, որը ձայնագրություններով, այլ տվյալներով մենք ուսումնասիրել ենք ու այդ ցուցակը այդ քանակով կազմել ենք:
Ստեղծված իրավիճակում սոցիալապես անապահովության խնդիր չկա, խոսքն ապօրինի անտառահատման մասին է, որն իրականացվում է բիզնեսի համար, այսինքն՝ այդ վառելանյութը բերել, վաճառել են այն վայրերում, որտեղ չկան անտառներ: Փայտի այն քանակը, որը գյուղացիներն օգտագործում են իրենց համար, բավարար է իրենց»:
Փոխոստիկանապետը հաստատեց, անտառահատումների հետ կապված՝ կարող են լինել կոռուպցիոն սխեմաներ. այդ գործով ԱԱԾ-ն իրականացնում է քննություն:
«Քննությունն ավարտված չէ, բայց այո՛, ոստիկանության աշխատակից է մասնակից եղել նման պրոցեսում, և հիմա ինքը քննության տակ է գտնվում»,- ասաց փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը:
Նա հերքեց բնակիչների պնդումները, թե կարմիր բերետավորներն ուժ են կիրառել նրանց նկատմամբ: Լրագրողների դիտարկմանը, թե բնակիչները ասում են՝ իրենց աշխատանք է հարկավոր, ուստի ելք չեն տեսնում, փոխոստւկանապետը պատասխանեց. «Ինչ աշխատատեղեր են, ինչ չափով՝ չեմ կարող ասել, Տավուշի մարզպետն է ասել, աշխատանքի ցանկություն հայտնողների քանակը նույնպես չեմ կարող ասել, բայց աշխատատեղ կա, այնպես չի, որ չկա, չեն ցանկանում, ի՞նչ կարող ես ասել: Երևի թե, ապօրինի անտառահատումն ավելի հեշտ է օգուտ բերում, քան օրինական ճանապարհով ամսական աշխատավցարձը»,-ասաց նա: