ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց նախագիծ՝ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը 185 մլն 61 հազար դրամ գումար հատկացնելու վերաբերյալ։
Նա, սակայն, նշեց, որ մինչ հարցի զեկուցումը քննարկում է ունեցել ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քարամյանի հետ։
«Վերջինս խնդիր է տեսնում այս նոր նախագծի ընդունման հետ կապված, քանի որ որոշակի չարաշահումներ են հայտնաբերվել», - ասաց Ռուստամ Բադասյանը։
ՊՎԾ պետի պաշտոնակատարը ներկայացրեց, որ քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ 2018 թվականի նոյեմբերի 22-ի կառավարության որոշմամբ տրամադրված դրամական միջոցների արդյունքում նախաձեռնված վերանորոգման և կառուցապատման աշխատանքներն իրականացվել են նախագծա-նախահաշվարկային սահմանված ձևերի խախտումներով։
«Ինչպես նաև խախտումներ են հայտնաբերվել պայմանագրային պարտավորությունների որոշակի դրույթների կատարման կապակցությամբ։ Պարզվել է, որ կառուցապատողները ոչ բավարար որակի և ժամանակին ծառայություններ են մատուցել ՔԿ ծառայությանն, ինչը հիմք է տվել, որպեսզի ՊՎԾ-ի կողմից արձանագրված խախտումները ներառվեն ուսումնասիրությունն ամփոփող տեղեկանքում», - ներկայացրեց Արգիշտի Քարամյանը։