00:00:00

Ես երդում չեմ տալու, որ որևէ խմբավորման ներկայացուցիչը լինեմ ՍԴ-ում. Վահե Գրիգորյան

18:48, 13 հունիս 2019 Իրավական

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը այսօր հանդիպել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ։ Դռնփակ հանդիպումից հետո թեկնածուն պատասխանեց լրագրողների հարցերին։ Մասնավորապես, հարցին, թե արդյոք իր թեկնածության առաջադրումը քաղաքական որոշման արդյունք էր, Գրիգորյանը դրական պատասխան տվեց։ «Իհարկե, քաղաքական որոշման արդյունք էր։ Քաղաքական մի մարմնից մյուս մարմնին թեկնածության առաջադրում է տեղի ունեցել», - ասաց Գրիգորյանը։ Հարցին, թե արդյոք օրենքի խախտում չէ իր թեկնածության երկրորդ անգամ առաջադրելը, այն դեպքում երբ Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն, «նոր թեկնածու» չի կարող առաջադրվել, Գրիգորյանը պատասխանեց, որ որևէ խախտում չկա ու հավելեց. «Սա հանրապետության գլխի սահամանադրական լիազորության իրականացումն է, և օրենսդիրը չի կարող դրան միջամտել»։ Իշխանության ներկայացուցիչների հետ լավ հարաբերությունների ու դրանով կաշկանդված լինելու մասին ընդդիմախոսների պնդումներին ի պատասխան, Վահե Գրիգորյանը ընդգծեց. «Ես բացարձակապես կաշկանդվածություն չունեմ։ Ես այդ պաշտոնում ընտրվելու դեպքում երդում եմ տալու, և դա չի նշանակում, որ ես այնտեղ լինելու եմ որևէ խմբավորման ներկայացուցիչը։ Ես չեմ գնում այնտեղ շարունակելու հին ավանդույթները»։ Դիտարկմանը, թե  նրա քաղաքական հայացքները չե՞ն խանգարի ՍԴ դատավորի պաշտոնում՝ հաշվի առնելով այն, որ ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է, ինչին Գրիգորյանը պատասխանեց. «Հայաստանում չկա մարդ, որը չունենա քաղաքական հայացքներ։ Դրանք չունենալը ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը։ Այլ խնդիր է՝ որքանով են այդ հայացքները ազդում դատավորի՝ արդարադատության իրականացման վրա։ Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ, չեմ կարող չունենալ։ Սահմանադրական դատարանը ապակուսակցական քաղաքական մարմին է, բայց ասել, որ Սահմանադրական դատարանը ապաքաղաքական մարմին է, կներեք, այս պետությունում ամենաքաղաքական որոշումներ կայացնողը հենց Սահմանադրական դատարանն է։ Ես երբեք չեմ արդարանալու, որ ճնշման տակ եմ եղել։ Որ պահինի ես ճնշման տակ կլինեմ, ես այլևս դատավոր չեմ լինի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր