00:00:00

Արա Մինասյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործով վերաքննիչ բողոք կներկայացվի

17:51, 10 հունիս 2019 Իրավական

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով դատարանի կայացրած վճռի դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսին ասաց  պատասխանող Թորոսյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը: «Քննարկում եմ այս պահի դրությամբ դատավոր Սարգիս Երիցյանի վերաբերյալ Արդարադատության նախարարություն կամ կարգապահական հանձնաժողով դիմելու հարցը, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի ամենախիստ պատիժը: Այս մասով դեռեւս վերջնական որոշում չունենք՝ հաշվի առնելով հասարակական հնչեղությունը, որպեսզի ոմանք չասեն, թե դատարանի նկատմամբ ճնշում է գործադրվում: Թեեւ ես ասեմ, եթե գործն այսքան հնչեղություն ստացած չլիներ, ես վաղուց դատավորի հետ կապված դիմել էի, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն՝ ընդհուպ դադարեցնեն նրա լիազորությունները»,- ասաց փաստաբանը: Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի հունիսի 7-ին բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի: Ավելի վաղ Արա Մինասյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Արսեն Թորոսյանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության` հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջների մասին: Դատարանը վճռել է բավարարել Արա Մինասյանի հայցը եւ պարտավորեցրել է պատասխանողներ Արսեն Թորոսյանին եւ ՀՀ առողջապահության նախարարությանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում 27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Տուշոնկեքի» մասին վերնագրված հրապարակային խոսքում արված արտահայտությունները հերքել կրկին ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ բանավոր խոսքի միջոցով: Դատարանի վճռով նախատեսվում է նաեւ Արսեն Թորոսյանից եւ ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Մինասյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Ավել վճարված պետական տուրքի 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամը վերադարձնել Արա Մինասյանին: Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր