00:00:00

Սասուն Խաչատրյանի և Գագիկ Խաչատրյանի պայմանավորվածությունը․ ինչո՞ւ վերջինս բանտում չէ

16:25, 01 հունիս 2019 Իրավական

ՊԵԿ նախկին նախագահ, սուպերնախարարի կարգավիճակ ունեցած Գագիկ Խաչատրյանը նոր Հայաստանում՝ նոր իշխանությունների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Մասնավորապես Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՔԾ-ում Գագիկ Խաչատրյանի՝ հնարավոր ապօրինությունների փաստով   հարուցվել է քրեական գործ, որի մասին երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն չհանրայնացնելու վերաբերյալ։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ քրեական գործը վերաբերում է Խաչատրյանի հարյուրավոր միլիոնների հասնող կարողությանը, որի ծագումը կասկածահարույց է։ Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ 2018 թվականի ապրիլին երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա ընտանիքի անդամները բիզնես եւ շքեղ առանձնատներ ունեն:Նախորդ ամիս Գագիկ Խաչատրյանը վերադարձավ Հայաստան։ Հենց այդ ժամանակ էլ նա «հյուրընկալվել» է իրավապահներին։ Ըստ մեզ հասած լուրերի` երբ իրավապահները Խաչատրյանի գործունեության հետ կապված փաստեր են ներկայացրել, վերջինս ասել է, թե ՀՀ պետական բյուջե պատրաստ է վերադարձնել ցանկացած գումար, միայն թե քրեական պատասխանատվության չենթարկվի: Թե խոսքը որքան գումարի մասին է, կպարզենք առաջիկայում, առայժմ շեշտենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ Գագիկ Խաչատրյանի միջեւ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել։ Irakanum.am-ի աղբյուրները հայտնում են, որ Խաչատրյանն արդեն որոշակի գումար վճարել է, ինչով էլ պայմանավորված իրավապահները գաղտնի են պահում Խաչատրյանի՝ քրեական գործով անցնելու հանգամանքը։ Տարիներ շարունակ է խոսվել Գագիկ Խաչատրյանի անծայրածիր ունեցվածքի մասին։ Նախկին ընդդիմադիր գործիչները, որոնք այսօր իշխանության են հասել, մեկ անգամ չէ, որ բարձրացրել են Խաչատրյանի ապօրինի հարստացման հարցը։ Գ. Խաչատրյանը մինչ Երևան տեղափոխվելը Եղվարդում է ապրել, թեև ասում են, որ նրա ծնողները Ամասիայից են տեղափոխվել այդտեղ: Հենց այդ պատճառով էլ Խաչատրյանի բիզնեսի մի չնչին մաս էլ գործում է այդ քաղաքում: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Գ. Խաչատրյանը հսկայական ջերմոցներ ունի նաև Եղվարդի հարևանությամբ գտնվող Նոր Գեղիում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Գ. Խաչատրյանը հսկայական դղյակ ունի նաև Ծաղկաձորում, որի առանձնահատկություններից մեկն այն է, որ տարածքում կառուցվել է ամեն ինչ` թենիսի կորտ, մանկական խաղահրապարակներ, լողավազան, ֆուտբոլի դաշտ: Իսկ լողավազանի մասին էլ պատմում են, որ այն այնպես է կառուցված, որ դրա պատերից մեկը դարձել է տարածքում եղած բնական ժայռը: Մամուլի հրապարակումների համաձայն` առանձնատունը գնահատվում է մոտ 3.5-4 միլիոն դոլար: Ըստ հրապարակումների` ՊԵԿ նախագահին է պատկանում Եղվարդից Երևան եկող 269 համարի երթուղին և «Անի» տաքսի ծառայությունը, ինչպես նաև տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող «Ապեյրոն» և «Չիմեգ» ընկերությունները, «Նոր Զովք» խանութների ցանցը: Գ. Խաչատրյանին է պատկանում նաև Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցների և ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող «Խրոնոգրաֆ» խանութը, որտեղ ժամացույցի գները անցնում են մի քանի միլիոն դրամը: Ըստ մամուլի հրապարակումների՝ Գ. Խաչատրյանին է պատկանում նաև ինտերնետ մատակարարող Ucom ընկերությունը: Նրան է պատկանում հսկիչ դրամարկղային մեքենաների ու դրանց կտրոնների թղթերի ներկրման բիզնեսը: Երեւանում գտնվող որոշ շինություններ եւս կապվում են Խաչատրյանի անվան հետ։ Եվ վերջապես, նա ու իր կինն իրենց բանկային հաշիվներին ունեն խոշոր գումարներ: Արդյո՞ք պետական պաշտոն զբաղեցնելով հնարավոր էր նման հսկայական կարողություն կուտակել, պետք է պարզեին հեղափոխված իրավապահները, բայց ինչպես արդեն նշեցինք կան տեղեկություններ, որ Խաչատրյանին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել նոր իշխանությունների հետ, այնպես, ինչպես Խաչատրյանն արել է նախկինների ժամանակ։ Ինչ վերաբերվում է «Դիլիջան» ուսումնական կենտրոնին, որի մասին գրում ու խոսում էին տարիներ շարունակ,դարձյալ Խաչատրյանին մեղադրելով պետական միջոցները փոշիացնելու մեջ, ապա այս հարցում եւս որեւէ տեղաշարժ չկա։ Միանգամայն տրամաբանական է հարցը, թե ի՞նչ պատիժ է սպասում ապօրինի հարստացած, պետական միջոցների հետ հանցավոր ձևով վարվող մարդկանց: Այո, նրանց տեղը բանտն է, բայց փաստացի բացառություններ լինում են։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր