00:00:00

ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը երկու դատական հայց է ներկայացրել ընդդեմ Գագիկ Համբարյանի

18:48, 25 մայիս 2019 Իրավական

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը irakanum.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր  Սահակ Մինասյանն իր դեմ երկու նույնաբովանդակ հայց է ներկայացրել, երկու հայցով էլ պահանջելով գումարական  փոխհատուցում՝  իր արժանապատվությունն արատավորելու համար։ Գագիկ Համբարյանը տեղեկացրեց՝ դեռևս ծանուցագիր չի ստացել, բայց  դատական հայցերի մասին տեղեկացել է datalex.am  կայքից։ «Երկու հայցով առանձին-առանձին  երեք միլոնական դրամ է պահանջում։ Այստեղ խնդիրն այն է, որ  պարոն Մինասյանը նույն՝ անձի արժանապատվությունը վիրավորելու հոդվածով  մի անգամ էլ նախորդ տարի էր դատարան դիմել, սակայն նա դատական նիստերին չժամանեց, և գործը կարճվեց։ Պարոն Մինասյանի բոլոր դիմում-բողոքները  հայտնվում են նրա թաղի աղջկա՝ դատավոր Լիլիթ Խաչատրյանի մոտ․ սա շատ կասկածելի է։ Շատերը փորձում են ինձ ապացուցել, որ դա զուգադիպություն է, համակարգիչն է այդպես որոշում, բայց մենք բոլորս էլ գիտենք,թե այդ համակարգիչն ով է աշխատեցնում և ինչպես կարող են հայցերը հայտնվել  կողմերից մեկի համար ընդունելի դատավորի մոտ։ Անմեղության կանխավարկածը չխախտելով՝ ասեմ՝ ես այդ միամիտ բացատրությանը չեմ հավատում։ Շատ կասկածելի է, որ  ինձ հետ կապված՝ պատոն Մինասյանի երեք հայցերն էլ   «պատահաբար» հայտնվում են Շիրակի մարզի առաջին ատյանի   դատավոր Լիլիթ  Խաչատրյանի մոտ, որը պարոն Մինասյանի հետ նույն թաղում է ապրել։   Պետք է նշեմ, որ վաղուց տեղեկություն ունեի, որ նրանց միջև կապեր կան։ Անցյալ տարի  հոկտեմբերի 26-ին ես ինքս  գրառում եմ կատարել իմ ֆեյսբուքյան էջում ու խիստ քննադատել եմ տիկին դատավորուհու վճիռը՝ կապված  առաջին հայցի հետ և նրան անվանել եմ  «սահակապաշտպան»։ Հիմա այս երկու հայցերը դարձյալ հայտնվել են այդ նույն դատավորի մոտ, և այդ տիկինը, որը հայտնի է  իր բավական դանդաղկոտ դատավարական գործընթացներով, շատ արագ  մակագրել է դրանք։ Ես այսօր տեղեկացել եմ նաև, որ տիկինը բավարարել է  հայցվորի պահանջը՝   արգելանք դնելով իմ ունեցվածքի  վրա։  Արգելանքի հետ կապված՝ տեղեկացել եմ քաղաքում տարածված լուրերից։ Դե, գիտեք՝  Գյումրին փոքր քաղաք է, և լուրերը պետական հիմնարկներից շատ արագ տարածվում   են։ Եթե արգելանքի փաստը հաստատվի, դա տարրական  խայտառակություն է  լինելու։  Սա ևս մի    ապացույց է, որ նա կողմնակալ դիրքորոշում ունի իմ անձի նկատմամբ», -  ասաց Գագիկ Համբարյանը՝ նշելով՝ ի՞նչ արգելանքի մասին  կարող է խոսք լինել, եթե դատական պրոցեսը դեռ չի էլ եղել։ «Ո՞վ է այդ դատավորին ասել, որ իր թաղի տղա Սահակ Մինասյանը հաղթելու է, և ես փախչելու եմ, ու իմ ունեցվածքի վրա պիտի արգելանք դրվի։ Եթե ես ԴԱՀԿ-ից համապատասան փաստաթղթերը ստանամ,  ինքը պատասխան է տալու այդ ամենի համար։ Ես խիստ կասկածներ ունեմ  տիկին դատավորի կոմպետենտության առումով։ Երեք դատական  պրոցես գիտեմ, երբ այդ տիկինը ցույց է տվել իր տարրական անգրագիտությունը  որոշ հարցերում։ Դատավճիռներից մեկի նույն հիմնարկության՝ երեք աշխատողի անվան տակ էր հայնվել՝ նրա թեթև ձեռամբ, որի արդյունքում լրացուցիչ նիստ տեղի ունեցավ՝ էլի  նրա ղեկավարությամբ, և սխալների ուղղում տեղի ունեցավ։  Երկրորդն էլ այն էր, որ իմ գործընկերոջ դատական վճիռը գրեթե գրագողություն էր իմ վճռից, այսնինքն՝ տիկինը գրեթե   ամբողջությամբ վերցրել էր իմ վճիռը և «քոփի-փեյսթ»   էր  արել։ Եվ երրորդ վճիռը կապված է բուհի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի հետ, որը կրկին Սահակյանի  թեթև ձեռքով ազատվել էր աշխատանքից։  Տիկին դատավորը այնպիսի վճիռ էր կայացրել, որ վերաքննիչ դատարանն այն հետ էր ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան՝ նորից քննելու համար, որովհետև վճիռը տարրական զարմանք էր հարուցել բոլորի մոտ։ Ես այդ վճիռը կարդացել եմ։ Եվ հիմա  այդ տիկինը, որը  իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝  շատ սերտ կապեր ունի Սահակ Մինասյանի հետ, քննելու է  իմ դեմ ներկայացված երկու գործը։ Ես ինքս հատուկ  այս հարցով կդիմեմ Բարձրագույն դատական խորհուրդ։ Ես այս ամենը դիտարկում եմ որպես փորձ՝ սահմանափակելու ազատ խոսքը։ Ես հույս ունեմ, որ ՀԿ-ներն ու ԶԼՄ-նները արժանի պատասխան  կտան իմ դեմ սանձազերծած դատական նոր պրոցեսներին, իսկ դատավորին ուզում եմ իմ բացարկը հայտնել։  Եթե իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, որ ինքն արգելանք է դրել  իմ գուքի վրա, հույս ունեմ հասկանալ ՝ ինքն ինչո՞վ է դա բացարելու։ Եթե հաստատվի  իմ ունեցվածքի վրա կալանք դնելու լուրը, որ ուղղակի խայտարակություն կլինի դա, որ տիկին Լիլիթ Խաչատրյանն իրեն նման բաներ է թույլ տալիս՝ իմ անձի դեմ։ Հայցվորը  շատ բան կարող է պահանջել։ Ուրեմն, նա այդ բոլոր պահանջները պիտի կատարի՞։  Նա նախ պիտի բացատրի, թե ինչի  հիման վրա է այդ հայցերն այդքան արագ ընդունել», -  եզրափակեց   Գագիկ Համբարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր