ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ Նա նշել է, որ մեղադրանքն անհիմն է․
«Ես՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանս, հանրությանը տեղեկացնում եմ, որ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում՝ անհիմն լինելու պատճառով: Ինչպես իմ ծառայության ողջ ընթացքում, այնպես էլ 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում գործել եմ բացառապես ծառայելով Հայաատանի ազգային և պետական շահերին»:
Լևոն Երանոսյանը նշել է, որ իր գործողություններով նա կանխել է բախումները. «Նշված իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության գործողությունները ընդհանրապես և իմ գործողությունները, մասնավորապես եղել են իրավաչափ և ստեղծված իրադրությանը լիովին համաչափ: Այդ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները ցուցարարների և Ոստիկանության ուժերի միջև, իսկ նման գործողությունների չդիմելու դեպքում նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքների առաջ կարող էր կանգնած լինել մեր պետությունը: Ոստիկանության գործողությունների արդյունքում և դրանց շնորհիվ է հնարավոր եղել ապահովել իշխանության խաղաղ և անցնցում փոխանցումը. մի փաստ, որը հնարավոր չէ հերքել անաչառ լինելու դեպքում»: