00:00:00

Սահակ Մինասյանը հիմա էլ հաշվեհարդար է տեսնում ՇՊՀ-ի ուսխորհրդի նախագահի նկատմամբ

15:09, 22 մարտ 2018 Բլոգ

Հարգելի´ ընկերներ Պարզվում է` իմ դիրքորոշումը մեծ մտավախություն է առաջացրել: Ռեկտորի հրամանով իրականացվում են հակաիրավական գործողություններ: Ուսանողական խորհրդի ներկա փոխնախագահ և ռեկտորի կողմից առաջատար մասնագետ դարձած Արթուր Չարչօղլյանը որոշ մարդկանց հետ կազմակերպում է ստորագրահավաք` փորձելով հաշվեհարդար տեսնել ինձ հետ: Իմ փոխարեն ռեկտորը մտադիր է ուսանողական խորհրդի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նույն Արթուր Չարչօղլյանին կամ էլ հնազանդ մեկ ուրիշին: Բոլոր խնդիրները, ռեկտորի կամայականությունների փաստերով համեմված նկարագրությունը, որոնք իմ կողմից պետք է բարձրաձայնվեն մարտի 24-ի ընդլայնված նիստում, ըստ ռեկտորի երևակայած ծրագրի, տեղի չեն ունենա: Նորից հիասթափեցնեմ պարոն Մինասյանին: Շարժումը պայքարում է Ձեր հակակրթական և հակամարդկային գործողությունների դեմ: Ոչ մի իրավական հիմք չկա ինձ հեռացնելու ընտրովի պատասխանատու պաշտոնից: Ձեր կողմից կիրառվում է իրեն չարդարացնող և երկու դասախոսների նկատմամբ անհաջող կերպով իրականացվող մի անիմաստ քայլ: Նախ նշեմ, որ երկու ֆակուլտետային ուսանողական խորհուրդների նախագահները և մեծ թվով ուսանողներ բացահայտ դեմ են իրեն հեղինակազրկած մարդուն ճանաչել ՈւԽ նախագահ: Ինձ հեռացնելու համար անհրաժեշտ է ուսանողական խորհրդի նախագահության նիստում ձայների մեծամասնությունը ստանալ: Ընդ որում, թե´ նախկին, թե´ ներկա ՈւԽ կանոնադրությունը ինձ իրավունք է տալիս բողոքարկել և պահանջել, որ իմ, այսպես կոչված, «հարցը» քննի բուհի ուսանողական համագումարը: Իմ հեռացման հիմնավորումը կեղծ է: Ես դեմ եմ գնացել ռեկտորի կամայականություններին, դրա համար եմ հեռացվում: Սա է միակ ճշմարիտ տարբերակը կազմակերպված ամբողջ թատերական ներկայացման մեջ: Այսինքն` իմ այն համոզմունքները, որ բուհում այլակարծություն, ազատ խոսք, սեփական մտածելակերպ ինքնուրույնություն չի հանդուրժվում, մեզ համոզիչ կերպով ապացուցում են պարոն Մինասյանի կատարած քայլերը: Վստահ եմ և տեղեկություններ ունեմ, որ ռեկտորը նույն վերաբերմունքն ունի բուհի բոլոր դասախոսների և ուսանողների նկատմամբ: Իր ձեռքերն ազատելուց հետո հեռացնելու է թե´ իրենց կամքն արտահայտող ուսանողներին, թե´ հիմա չեզոքության կամ արդարության կոչերով հանդես եկող դասախոսներին: Երկու դասախոսների և իմ հեռացումից հետո բուհում կսկսվի նախադեպը չունեցող ռեակցիա անհնազանդ տարերի դեմ: Մենք կարող ենք բախվել մի իրականության հետ, երբ մեր սերունդները կրթություն պարզապես չեն ստանա: Որպես կեղծ օրակարգ ինձ ներկայացվեց բուհի ուսանողների դիմումը (21.03.2018), որ համամիտ չեն իմ դիրքորոշման հետ: Ասեմ, որ ֆեյսբուքում հրապարակման պահից ստանում եմ բազմաթիվ զանգեր և նամակներ, որոնք կատարում են ուսանողները՝ հերքելով իրենց կապը այդ թղթի հետ: Կան շատ քիչ ուսանողներ, որոնք նշում են իրենց վրա գործադրված ճնշումը, խաբեությունը որպես պատճառ և, ենթարկվելով ճնշումների, սպասում մեր համալսարանում տիրող խայտառակ իրավիճակի շուտափութ կարգավորմանը: Տեղեկություններ ունենք, որ մի քանի դասախոսներ լսարաններում զբաղված են ոչ թե դաս պարապելով, այլ ուսանողների վերահսկողությամբ՝ նրանց բողոքի շարժմանը միանալ թույլ չտալու համար: Իհարկե, կան ուսանողներ, որոնք կամ որոնց ծնողները աշխատում են բուհում, ենթարկվում են ուժեղ ճնշման ռեկտորի կողմից և հրապարակային փորձում են իրենց բացասական, ու միևնույն ժամանակ քննադատության չդիմացող կարծիքները հայտնել: «Ուսանողական» թերթիկով զբաղվել են ռեկտորի ցուցումով և հակաիրավական ձևով: «Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ»-ի դեկանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, Արթուր Չարչօղլյանի, ռեկտորի քրոջ որդու` իրավաբանի հետ, ֆակուլտետի դեկանատում կազմակերպել և միջամտել է ստորագրահավաքին: Լինի դեկան, թե ռեկտոր իրավունք չունի միջամտելու ուսանողական ինքնակառավարման մարմնի աշխատանքներին: Դա ես դիտում եմ բացահայտ ազդեցության փորձ ուսանողների նկատմամբ: Ի հպարտություն մեզ, ասեմ` «Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ»-ի ուսանողական խորհրդի նախագահը չի ընդունել դեկան Օֆելյա Հովհաննիսյանի առաջարկը: Ապօրինություններ գործելով` իր հպատակությունը ռեկտորին հերթական անգամ ցույց է տալիս բուհի աշխատակից-ուսանող Արթուր Չարչօղլյանը: Ռեկտորի հրամանով և իր միջոցով է կազմակերպվել ստորագրահավաքը: Պարո´ն Մինասյան, մեր պայքարն այնքան հզոր է, որ բուհում սկվել է սթափ մտածող մարդկանց աջակցությունը: Ձեր «կողքին» կանգնած ամենամոտ մարդիկ անգամ ինձ տեղեկացնում են Ձեր կաբինետում տեղի ունեցածի մասին: Կոչ եմ անում հասարակական կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին բուհում ռեկտոր Մինասյանի ստեղծած բեսպրեդելության վերջը տալ: Հրապարակային հայտարարում եմ. ս/թ. մարտի 24-ի հոգաբարձուների խորհրդի և բուհի գիտական խորհրդի ընդլայնված նիստին ներկա եմ լինելու: Հանգամանալից կերպով բարձրաձայնելու եմ բուհի ռեկտորի բոլոր ապօրինությունները: Պայքարելու ենք մեր պահանջագրով սահմանված բոլոր կետերի իրականացման համար: Խորապես համոզված և վստահ եմ` բուհում վերականգնելու ենք արդարությունը: ՇՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր