00:00:00

Մեղադրական դատավճռի դեպքում քանի՞ տարվա ազատազրկում է սպասվում Ռ․ Քոչայանին, Մ․ Գրիգորյանին, Ա․ Սարգսյանին և Մ․ Պողոսյանին

00:48, 16 ապրիլ 2019 Իրավական

Իշխանափոխությունից հետո եղան աղմկահարույց բացահայտումներ, առաջադրվեցին մեղադրանքներ ներկա ու նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Մանվել Գրիգորյանի, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի նկատմամբ։ Պահպանելով անմեղության կանխավարկածը՝ այնուամենայնիվ, փաստաբան Լուսինե Սահակյանի օգնությամբ փորձեցինք պարզել՝ ի՞նչ պատիժ է սպասվում վերոնշյալ անձանց, եթե դատարանը մեղադրական դատավճիռներ կայացնի։ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ՀՔԾ-ում վերջնականապես ավարտվել է, և մեղադրական եզրակացությունն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրանքը հաստատելու համար։ Եթե սահմանված ժամկետում դատախազը հաստատի մեղադրանքը, ապա քրեական գործը կուղարկվի դատարան։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այս արարքը պատժվում են ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով: Մանվել Գրիգորյանը մեղադրվում է նաև 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Այս հոդվածով նախատեսվում է 4-8 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Անդրադառնանք Ալեքսանդր Սարգսյանին։ 2019 թվականի մարտի 6-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թույլատրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսնդր Սարգսյանին որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից: Օրերս լրագրողների հետ զրույցում Ալեքսանդր Սարգսյանի որդին Հայկ Սարգսյանը նշել էր․ «Հիմա հայրս Եվրոպայում է, մեկնել է հանգստանալու նպատակով։ Նա Հայաստան անպայման վերադառնալու է, ուղղակի չգիտեմ, թե երբ»։ Հիշեցնենք՝ Ալեքսանդր Սարգսյանն ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործի նախաքննության ընթացքում հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարջվորությունների կատարման նպատակով մինչ օրս ՀՀ պետական բյուջե է փոխանցել 3.165.448.706 ՀՀ դրամ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19.600.000 ԱՄՆ դոլար գումար: Թիվ 58213018 քրեական գործի նախաքննության ընթացքում Ալեքսանդր Ազատի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Դեռևս կալանքի տակ է պահվում Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշվեհամարում առկա 3 միլիոն 855 հազար 760 դոլարին համարժեք 1 միլիարդ 873 միլիոն 899 հազար 360 դրամ գումարը, և առաջիկայում նախատեսվում է կալանքի տակ պահվող գումարը ևս ուղղել հարկային պարտավորությունների կատարմանը: Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում նա կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար: Ինչպես նշեցինք, Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Մեղադրական դատավճռի դեպքում Ալեքսանդր Սարգսյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: 2018-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ irakanum.am-ի հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց՝ 300.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է ազատազրկում 10-15 տարի, իսկ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ 7-12 տարի ազատազրկում։ Իսկ այսօր հայկական էլեկտրոնային մամուլի թոփ-նյուզում հայտնվեց ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին վերաբերող հրապարակումը։ ՀՔԾ-ից հայտնում են, որ նրան մեղադրանք է առաջադրվել։ Փաստաբան Լուսինե Սահակյանի օգնությամբ փորձեցինե հասկանալ՝ ինչ պատիժ է սահմանվում Միհրան Պողոսյանին վերագրվող հանսագործությունների դեպքում։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատիժը՝ 5-8 տարի ազատազրկում) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պատիժը՝ 2-6 տարի ազատազրկում) ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Իսկ թե ինչ հանգուցալուծում կստանան վերոնշյալ անձանց հետ կապված քրեական գործերը, ժամանակը ցույց կտա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր