00:00:00

Նարեկ Սարգսյանին տեղափոխել են փախստականների ճամբար. ուշագրավ զարգացումներ

02:51, 12 ապրիլ 2019 Հասարակություն

«Ժողովուրդ» օրաթերթը մարտի 5-ին գրել էր, որ Չեխիայում կայացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու` արդեն Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի դարձած Նարեկ Սարգսյանի դատական նիստը: Նիստը հրավիրվել է մեկ նպատակով՝ քննարկել Նարեկ Սարգսյանին արտահանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմումը: Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` Չեխիայի իրավապահները կասեցրել են նրա արտահանձնման հարցով գործի քննությունը: Ինչպես հայտնի է, Հայաստանի իրավապահները Նարեկ Սարգսյանին մեղադրանք էին ներկայացրել անցած ամռանը, երբ Երեւանի կենտրոնում գտնվող նրա բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութ էին հայտնաբերել: 2018թ. հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանին, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի համաձայն, մեղադրանք առաջադրվեց ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաեւ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության համար: Բացի այս, Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ դեռեւս 2013թ.-ին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է դրանք վերադարձնել: Դրա հետեւանքով Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում: Սարգսյանը 2018 թվականի դեկտեմբերի 6-ին ձերբակալվեց Պրահա 5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցների կողմից: Նա հիմա գտնվում է կալանքի տակ: 2019 թվականի հունվարի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել էր Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին: Եվ, ահա, 3 ամիս անց Չեխիայում կայացել է Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության դիմումի քննարկումը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապրիլի 4-ին` հերթական դատական նիստի ժամանակ, Պրահայի իրավապահները արձանագրել են, որ Նարեկ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ իրեն Պրահայի քրեակատարողական հիմնարկից տեղափոխեն Պրահայի փախստականների ճամբար: Ն. Սարգսյանի դիմումը չի մերժվել, եւ նրան տեղափոխել են փախստականների ճամբար: Ապրիլի 4-ին կայացած դատական նիստի ժամանակ գործը նախագահող դատավորը հայտարարել է, որ Նարեկ Սարգսյանի հետ կապված քննվում է մեկ քրեական գործ, որը վերաբերում է այն բանին, թե ինչ հանգամանքներում, ում կողմից եւ ինչպես է Նարեկ Սարգսյանը Պրահայում հայտնաբերման պահին ներկայացրել Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: Դատելով իրավիճակից` Պրահայի իրավապահներին Նարեկ Սարգսյանը հայտնել է, թե ինքը քաղաքական հետապնդման մեջ է, քաղաքական ապաստարան է խնդրում եւ չի կարող վերադառնալ Հայաստան, ինչի արդյունքում նրան տեղափոխել են փախստականների ճամբար եւ հիմա առանձին քննում են իրենց երկրում կեղծ անձնագիր ձեռք բերելու գործը: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն` պարզելու, թե ինչ տեղեկություններ ունեն Նարեկ Սարգսյանի դատական նիստերից, եւ արտահանձման վերաբերյալ գործը ինչ փուլում է: Ի պատասխան մեր հարցադրումներին` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «ՀՀ դատախազությունը չեխական կողմից պաշտոնապես չի տեղեկացվել հետախուզման մեջ գտնվող եւ Չեխիայի իրավապահ մարմինների կողմից էքստրադիցիոն կալանքի տակ գտնվող Նարեկ Սարգսյանի արտահանձման դիմումի մերժման, նրան արգելանքից ազատելու վերաբերյալ: Ըստ այդմ` նշված անձի` Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնման գործընթացը այս պահի դրությամբ գտնվում է ընթացքի մեջ»: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր